Արմեն Սարգսյանն այցելեց Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն թանգարան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 25, 24News

գւտգըտ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, ապրիլի 25-ին այցելեց Երևանում գտնվող Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն թանգարան: Տնօրեն Աննա Սարգսյանի ուղեկցությամբ նրանք շրջեցին ցուցասրահներով և ծանոթացան ներկայացված աշխատանքներին:

Նունե Սարգսյան, Արմեն Սարգսյան

Տուն-թանգարանը Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղն է: Երևանի կենտրոնում գտնվող երկհարկանի առանձնատանը տասնյակ տարիներ իրենց ընտանիքներով ապրել և ստեղծագործել են հայկական կերպարվեստի երկու խոշոր վարպետներ` քանդակագործ Արա Սարգսյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:

Արա Սարգսյանի  արվեստի բաժնում, ներկայացված են ստեղծագործություններ  պատկերասրահի և քանդակագործի ընտանիքի հավաքածուներից, ուսանողական շրջանի աշխատանքների լուսանկարներ, հուշաձեռագրային նյութեր: Այնտեղ կարելի է ծանոթանալ նաև  արվեստագետի թատերական ձևավորումներին ու գրաֆիկական գործերին:

Շենքի երկրորդ հարկում ներկայացված են Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունները, հուշաձեռագրային փաստաթղթերն ու անձնական իրերը: Ներկայացված աշխատանքների մի մասը պատկերասրահի ֆոնդերից է, մյուսը` նկարչի ժառանգների նվիրատվությունն է:

Լրագրողները հետաքրքվեցին, թե ինչու է Արմեն Սարգսյանն ընտրել հենց այս թանգարանը:

«Հարցը մի փոքր այլ ձևով կարելի է ձևակերպել: Իսկ ինչո՞ւ մենք չենք գալիս այս թանգարաններ: Մենք ունենք հանճարեղ արվեստագետներ, նրանցից երկուսը մեկ տան մեջ այստեղ ներկայացված են: Արա Սարգսյանը լեգենդար արվեստագետ էր, մեր Գեղարվեստի ակադեմիայի հիմնադիր-ռեկտորը, Խորհրդային միության արվեստի ակադեմիայի անդամ է եղել, մեծ ուսուցիչ: Ցավով տեսնում եմ, որ այս թանգարանը լավ վիճակում չի գտնվում: Ես կարծում եմ, որ անհրաժեշտություն կա, որպեսզի ավելի ուշադիր լինենք և ներկայացնենք մեր մեծերին: Կոջոյանը Ախլցխայից դուրս գալով հասել էր եվրոպական լավագույն ակադեմիաներ, և նրա ստեղծագործությունները կարող են ցուցադրվել Եվրոպայի լավագույն ցուցասրահներում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի նստավայրում ցանկանում է ցուցահանդես կազմակերպել, որի շրջանակում կներկայացվեն 4 արվեստագետներ, որոնք ինչ-որ իմաստով միմյանց հետ կապ են ունեցել:

«Արա Սարգսյան, Հակոբ Կոջոյան, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան, քանդակագործ Արա Հարությունյան: Ահա այս 4 արվեստագետները կներկայացվեն ցուցահանդեսում»,-ասաց Արմեն Սարգսյանը:

 Թանգարանի վարիչ Աննա Սարգսյանը, ով Արա Սարգսյանի թոռնուհին է, նշեց, որ թանգարանը բացվել է 1973 թվականին: Այնտեղ պահվում է շուրջ 500 ցուցանմուշ:

«Կցանկանայի խնդիրների մասին խոսել: Ինչպես տեսնում եք տարածքն անմխիթար վիճակում է, վերանորոգման կարիք կա: Պայմանները չեն ներում ցուցանմուշները պատշաճ պահելու համար: Թանգարանն այդքան շատ այցելուներ չունի: Տարեկան ունենում ենք 2000 այցելու, ինչը  շատ քիչ է»,-ասաց Աննա Սարգսյանը: Նա նկատեց, որ Արա Սարգսյանի, Կոջոյանի ստեղծագործությունները հասարակության լայն շրջանակներին ներկայացնելու անհրաժեշտություն ունեն, ինչն էլ կնպաստի այցելուների թվի ավելացմանը: