Մ.Գրիգորյանը և Դ. Շաթշնայդերը քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

.

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Արևելյան Եվրոպայի հարցերով բաժնի ղեկավար Դիրք Շաթշնայդերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Ինչպես հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա համագործակցությունը և Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով դաշնային կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը։ Մհեր Գրիգորյանը երկրի զարգացման տեսանկյունից կարևորել է նաև գերմանական երկու գործակալությունների` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ՄՀԸ-/GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW/ՎՎԲ) գործունեությունը Հայաստանում:

Խոսելով երկու գործակալությունների ընթացիկ ծրագրերի մասին՝ փոխվարչապետը հատկապես ընդգծել է էներգետիկայի, ջրի կառավարման և գյուղապահովագրության ոլորտում իրականացվող ծրագրերի կարևորությունը և դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև գոհունակությամբ խոսել իրավական խորհրդատվության ծրագրի արդյունավետության մասին:

Փոխվարչապետը ներկայացրել է նաև բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ձեռնարկատիրության խրախուսման, նորարարությունների և թվային լուծումների վրա հիմնված գաղափարների իրացման նպատակով Ազգային վենչուրային ֆոնդի ստեղծման նախագիծը, որտեղ նույնպես ակնկալվում է գերմանական կողմի հետ համագործակցություն:

Դիրք Շաթշնայդերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ հանդիպումը լավ առիթ է ևս մեկ անգամ վերանայելու համագործակցության օրակարգը և ուրվագծելու հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են հայ-գերմանական ֆինանսատնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը և անդրադարձել հանձնաժողովի հաջորդ նիստի կազմակերպման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներին՝ ընդգծելով այդ հարթակի ակտիվացման անհրաժեշտությունը: