Էրդողանին ի պատասխան Փաշինյանի արձագանքը հստակ էր և թիրախային. Թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

.

«Թուրքիայի նախագահ Ռ. Թ Էրդողանի՝ ապրիլի 24-ի ելույթին ի պատասխան Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի արձագանքը կարևոր էր Թուրքիայի ժխտողական քաղաքականության մեջ արձանագրված նոր միտումների համատեքստում: Վարչապետի ուղերձները հստակ էին և թիրախային»,- այս մասին «Ermenihaber»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Անահիտ Վեզիրյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի թվիթերյան գրառումը:

Թուրքագետը նշեց, որ վերջին շրջանում թե՛ թուրքական պաշտոնական հայտարարություններում, թե՛ տեղեկատվական և վերլուծական հրապարակումներում նկատվում են մտահոգիչ միտումներ՝ Հայոց ցեղասպանության հարցում դիրքորոշման վերախմբագրում, հռետորաբանության կոշտացում:

«Նշվածի վառ ապացույցն է Թուրքիայի նախագահի ապրիլի 24-ի հայտարարությունը, որտեղ, ըստ էության, Էրդողանն արդարացնում էր հայերի նկատմամբ կատարված ոճրագործությունը»,- պարզաբանեց Վեզիրյանը:

Թուրքագետի կարծիքով՝ վերոհիշյալի համատեքստում Հայաստանի վարչապետի գրառման մեջ տեղ գտած ուղերձները ճիշտ էին ընտրված:

Մասնավորապես, Վեզիրյանն ուշադրություն հրավիրեց հետևյալ հանգամանքի վրա. «Հերթական անգամ ընդգծվեց, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մի ժողովրդի, այլև ամբողջ մարդկության դեմ կատարված հանցագործություն է: Հետևաբար Էրդողանի՝ ժխտողական և ատելություն սերմանող հռետորաբանության պատասխանը պետք է հնչի ոչ միայն Երևանից, այլև քաղաքակիրթ աշխարհի այլ կենտրոններից»:

Ըստ էության, թուրքական իշխանությունների նման մոտեցումը գործնական կիրառություն է գտնում և՛ Թուրքիայի ներսում՝ տարբեր էթնիկ, կրոնական, քաղաքական խմբերի դեմ, և՛ երկրից դուրս՝ մասնավորապես Սիրիայում, Իրաքում և այլն:

«Եթե հիմա միջազգային հանրությունը կոնկրետ քայլերի չդիմի, ապա Էրդողանի վարչակարգի քաղաքականությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքներ»,- եզրափակեց Վեզիրյանը: