Եվրոպական Համալսարանի ՈՒԽ-ն իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

դդ
Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդը իր լիակատար աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և նրա առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին․

«Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները անտարբեր չեն թողել նաև մեզ՝ Հայաստանի Եվրոպական համալսարանի ուսանողներիս:

Լինելով այս պետության իրավագիտակից քաղաքացիներ, մեզ համար մտահոգիչ են երկրում ահագնացող ներքին և արտաքին լարվածությունը, պետականության և ինքնության խորացող ճգնաժամը: Այս իրավիճակում, երբ խնդիրը ոչ այնքան քաղաքական է, որքան համազգային և համապետական՝ մենք անտարբերությունը և կրավորական կեցվածքը համարում ենք հանրային դասալքություն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն գոյաբանական մարտահրավերների առաջ և ուրվագծելով պետական արդյունավետ կառավարման հեռանկարի բացակայությունը՝ Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողական խորհուրդը իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և նրա առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին։

Հաշտեցման օրակարգը այլընտրանք չունի, ներքին համերաշխությամբ և մեր ներուժի համախմբմամբ միայն կարող ենք հանգուցալուծել առկա սպառնալինքները՝ հանուն Հոգևոր Հայաստանի:
Աստված պահապան բոլորիս...»,- ասվում է հայտարարության մեջ։ 

--00—ՍՊ