Բողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազենի» ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվել. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

գտ

Բողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազենի»  ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության անդամ, փաստաբան Վարազդատ  Հարությունյանը:

«Ապօրինի զենք-մենքի անհիմն կասկածանքով ձերբակալված Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանը քիչ առաջ ազատ արձակվեցին: Տարոսը մյուս քաղաքական բանտարկյալներին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ի երեկոյան Իշխան Գևորգյանին ու ընկերներին բերման են ենթարկել, ապա ձերբակալել այն պահին, երբ տղաները պարկերում ավազ էին լցնում։

ՔԿ-ից ասացին՝ ունեցել են ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու հիմնավոր կասկած։ Սակայն անձնական խուզարկությամբ որևէ բան չեն հայտնաբերել։

Դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 335 -րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով։ Քրեական օրենսգրքի 335 -րդ հոդվածը վերաբերում է  Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությանը։

Հոդվածի 2-րդ մասը սահմանում է.

«Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով»։

 


--00--ԱՊ