Նման պայմաններում ՀՀ-ն կենթարկվի Ադրբեջանին և կվերածվի ամբողջությամբ ավտորիտար ոստիկանապետության

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

big_1437055031_7408556

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը գրում է, որ Տավուշում միաժամանակ երկու տագնապալի գործընթաց է ընթանում։ Տեղի է ունենում Հայաստանի տարածքային ամբողջականության կոպտագույն խախտում՝  երկրի Սահմանադրության կոպիտ ոտնահարմամբ, երկրորդը, և նույնքան մտահոգիչը, Հայաստանի առանց այն էլ փխրուն ժողովրդավարության լիակատար կոլապսն է։

«Սա փոխադարձ համաձայնությամբ սահմանազատման գործընթաց չէ։ Սա պարզապես պատերազմի և ներխուժման սպառնալիքի ներքո Հայաստանի ենթարկումն է ադրբեջանական պահանջներին։ Ենթակայացման գործընթացը դեռ նոր է սկսվում, և դրա ավարտին Հայաստանը կանգնած է կորցնելու զգալի տարածքներ, ռազմավարական դիրքեր և տրանսպորտային ուղիներ»,-գրում է նա։

Օսկանյանի խոսքով, նման պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ Հայաստանը մշտապես կենթարկվի Ադրբեջանին՝ երկիրը զրկելով ռազմավարական արժեքից և, ամենայն հավանականությամբ, կվերածվի ամբողջությամբ ավտորիտար ոստիկանապետության:

«Համակերպվելով այս պահանջներին՝ Հայաստանը ոչ թե իրական բանակցություններ է վարում, այլ ավելի շուտ կապիտուլյացիայի է ենթարկվում ճնշումների ներքո։ Սա վտանգավոր նախադեպ է ստեղծում, երբ հարկադրանքը և ռազմական սպառնալիքները թելադրում են պայմաններ՝ խարխլելով ինքնիշխանության և ինքնորոշման սկզբունքները: Կրիտիկական նշանակության շրջանների հնարավոր կորուստը ոչ միայն թուլացնում է Հայաստանի պաշտպանական կարողությունները, այլև նրա տնտեսական և նյութատեխնիկական կայունությունը՝ էլ ավելի վտանգելով ազգային անվտանգությունը։ Բացի այդ, նման համաձայնագրի ներքին հետևանքները սարսափելի կլինեն»,-հավելում է նախկին պաշտոնյան:

«44-օրյա պատերազմի ավարտից ի վեր այս սողացող տեղաշարժը դեպի ավտորիտար ոստիկանապետություն արդեն քայքայել է քաղաքացիական ազատությունները, խեղդել է քաղաքական ընդդիմությունը և կենտրոնացրել իշխանությունը մի քանիսի ձեռքում՝ երկիրը խոցելի դարձնելով հետագա շահագործման և արտաքին ազդեցության համար»,-ավարտել է իր գրառումը Օսկանյանը։

--00—ՅՄ