Գերմանիայի հայոց թեմի և քրիստոնեական հարանվանությունների միջև առկա է ջերմ փոխգործակցություն․ Վեհափառ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

417391899_874880528014200_4037799781998725762_n

Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Հալլե քաղաքի Մարտին Լյութեր համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական պատվիրակությանը և ուսանողներին՝ գլխավորությամբ Գերմանիայի Ավետարանական Եկեղեցու Արևելյան և Հարավային Եվրոպայի բաժանմունքի տնօրեն պրոֆեսոր Մարտին Իլլերթի։

Հանդիպմանը ներկա էին նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Գևորգյան Հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

Համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դեկան դոկտոր, պրոֆեսոր Դանիել Ցյուրանկան Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկացրեց, որ պատվիրակության այցի նպատակն է կրթական ոլորտում խորացնելու համագործակցությունը ՀՀ ԲՈՒՀ-երի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանի հետ։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց հյուրերին՝ բարձրորեն գնահատելով կրթական ոլորտում նախանշվող ծրագրերն ու ձևավորվող գործակցությունը։ Այս առիթով Նորին Սրբությունն ուրախությամբ ընդգծեց, որ Սուրբ Էջմիածնի միաբաններն իրենց բարձրագույն կրթությունը շարունակում են տարբեր երկրների նշանավոր աստվածաբանական համալսարաններում և Քույր Եկեղեցիների հոգևոր ուսումնական հաստատություններում, ինչն էապես նպաստում է փոխճանաչողությանը և միջեկեղեցական կապերի առավել սերտացմանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակություն հայտնեց Գերմանիայի հայոց թեմի և Գերմանիայում գործող տարբեր քրիստոնեական հարանվանությունների միջև առկա ջերմ փոխգործակցության առիթով:

Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, դրանց հաղթահարման ուղղությամբ Հայ Եկեղեցու գործադրած ջանքերին և Մայր Աթոռի կրթական հաստատությունների գործունեությանը։

--00—ՅՄ