ԱՄՆ-ն հետաքրքրված է ՀՀ-ի հետ «արդարադատության բարեփոխումների» ոլորտում համագործակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

ֆ
 
Արդարադատության նախարարի տեղակալներ Կարեն Կարապետյանը և Լևոն Բալյանն ընդունել են ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են ԱՆ նախարարությունից։  Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) տնօրեն Ալեքսիս Հաֆտվանին։
 
Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարության ու ԹՊԻՀ գրասենյակի միջև ձևավորված կայուն համագործակցության շրջանակի համար, որի արդյունքներով գրանցվել են զգալի հաջողություններ հակակոռուպցիոն և քրեակատարողական ծառայության ոլորտներում։ Մասնավորապես, աջակցություն է ցուցաբերվել հակակոռուպցիոն ռազմավարական փաստաթղթերի մշակմանը, քրեակատարողական հիմնարկներում փաստաբան-վստահորդ հաղորդակցությունը տեսազանգի միջոցով կազմակերպմանը, ինչպես նաև նախարարությունից մեկնարկած Պարեկային ծառայության ներդրմանը։
 
ԹՊԻՀ գրասենյակի գործընկերները նշել են, որ ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության շրջանակի ընդլայնմամբ, որտեղ առանցքային դերակատարում կունենան նաև արդարադատության ոլորտի բարեփոխումները։
 
Այս լույսի ներքո հայկական կողմը ներկայացրել է դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական ու պրոբացիայի ռազմավարական ոլորտներում վերջին տարիներին գրանցած զգալի առաջընթացը, ինչպես նաև առաջիկայում նախատեսված միջոցառումները: Քննարկվել է նաև վերջիններիս իրականացման շրջանակներում ԹՊԻՀ հնարավոր աջակցությունը։
Նախարարի տեղակալները ողջունել են ԹՊԻՀ գրասենյակի կողմից 2024թ. մեկնարկած Հակակոռուպցիոն բարեփոխումների խթանմանն ուղղված ծրագիրը (''Advancing Comprehensive Anti-Corruption Reforms project'') և ԹՊԻՀ պատրաստակամությունը նախարարության հետ համագործակցության ընդլայնելու ու այս ծրագրի շրջանակներում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման աջակցելու համար:
 
Հանդիպման շրջանակներում մանրամասն անդրադարձ է կատարվել նաև քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտի բարեփոխումներին, մասնավորապես շեշտվել է քրեակատարողական հիմնարկների անվտանգային կառավարման նոր մոդելի ներդրման անհրաժեշտությունը` անվտանգային կառավարման ստորաբաժանումում պաշտոնի նշանակման համար նախատեսված կարգավորումների ամբողջական վերանայմամբ։ ԹՊԻՀ գրասենյակը այս ոլորտում ևս կդիտարկի նախարարությանն աջակցության տրամադրման հնարավորությունը։
 
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու և առավել խորացնելու նախարարության ու ԹՊԻՀ գրասենյակի միջև արդյունավետ համագործակցությունը։


 

 --00—ՍՊ