Ոստիկանատներում խոշտանգելը դարձել է նորմ, անձինք ամենաբիրտ, լկտի ձևով ծեծի են ենթարկվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Շրջանառվում է հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու օրինագիծ, որով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է սահմանափակել փաստաբանական գործունեությունը՝ շրջհարկով հարկման ռեժիմով աշխատելու հնարավորությունը։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ խոսելով  փաստաբանների կողմից այսօր գործադուլ իրականացնելու պատճառների մասին։

Նրա պնդմամբ, օրինագիծը շրջանառվել է առանց ՄԻՊ-ի կարծիքը հաշվի առնելու, ինչը խախտում է, քանի որ մարդկանց իրավունքներին է առնչվում։ Բացի այդ, Արդարադատության նախարարությունը  բացասական կարծիք է հայտնել, իսկ փաստաբանական պալատը 20 էջանոց հիմնավոր օրինակներով վիճակագրություն է ներկայացրել, ինչը հաշվի չի առնվել։

Փաստաբանը, անդրադառնալով վերջին օրերի ոստիկանության քայլերին, նշեց, որ նրանց բիրտ գործողությունները իշխանության կողմից արձագանք չեն ստանում․

«Երեկ բերետավորները գետնին գցած ծեծի ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակիցներին, մեր կողմից  հաղորդում է պատրաստվել քննչական կոմիտե, նման գործողությունները քաղաքական իշխանության և ՄԻՊ-ի կողմից արձագանք չեն ստանում։ Ոստիկանական բաժանմունքներում համատարած խոշտանգումների են ենթարկվում քաղաքացիները, ամենաբիրտ, լկտի ձևով ծեծի են ենթարկվում,  խոշտանգելը դարձել է նորմ, անցած տարի երկու փաստաբանի ծեծի դեպք եղավ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան