«Մեր նպատակն է զարգացնել իրավագիտակից հասարակություն»․ Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

d
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ողջույնի խոսքով է հանդես եկել «ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների միավորում՝ հանուն Հայաստանի առաջընթացի» համաժողովում։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, պաշտոնատար այլ անձինք։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
 
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ամենօրյա ջանքերն ուղղված են կրթության հիմնարար իրավունքի ապահովմանը և այնպիսի հասարակության ստեղծմանը, որտեղ որակյալ կրթական ծառայությունները հասանելի կլինեն կյանքի բոլոր փուլերում։
 
«Մեր նպատակն է զարգացնել իրավագիտակից հասարակություն, հզորացնել երիտասարդների կարողությունները, խթանել գիտական մտածողությունը, նպաստել նորարար գաղափարներին և շարունակաբար առաջ մղել կրթական, գիտական, մշակութային ստեղծարար ոլորտները: Մենք ձևավորում ենք քաղաքացիների տեսլականն ու արժեքները՝ հիմք դնելով հասարակական նորմերին։ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտները վերադառնում են հայրենիք՝ հագեցած նորարարության ոգով, գիտելիքով և հմտություններով, որոնց գործնական կիրառումը նպաստում է Հայաստանի տարբեր բնագավառների համակարգային և կայուն զարգացմանը»,- ասել է նախարարը՝ նշելով, որ իր համար ևս որպես ԱՄՆ կառավարության ծրագրի շրջանավարտ՝ ձեռքբերած փորձը կարևոր նշանակություն է ունեցել։
 
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը, ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությանը, ԱՄՆ կառավարության ծրագրերի իրականացման պատասխանատուներին Հայաստանի մասնակիցներին աջակցելու համար. «Նման աջակցությամբ մենք միասին կարողանում ենք ստեղծել միջավայր, որտեղ կյանքի են կոչվում լավագույն գաղափարները, ինչպես նաև վերաարժևորվում է ինքնիշխանության և հավասարության սկզբունքների կարևորությունը»։
 
Միջոցառման պանելային քննարկումների շրջանակում ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտները ներկայացրել են իրենց ձեռնարկած քայլերը և նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստանի հզորացմանը:


 

 --00—ՍՊ