Փաշինյանը կրկին թաքնվել է ՊՆ բունկերում․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է արել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

ս



«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է արել․

Պայքարի սիրելի ընկերներ,

Ինչպես նախապես հայտարարել էր Սրբազան Հայրը, հունիսի 12-ը դարձավ մեր պայքարի կարևոր օրերից մեկը։

Ստի ու կեղծիքի մունետիկ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը նախօրեին հրաժարվել էին կատարել ժողովրդի պահանջը, ինչի պատճառով հունիսի 12-ին, ժամը 15։00-ին քաղաքացիները հավաքվեցին ԱԺ շենքի դիմաց՝ ևս մեկ անգամ հստակ բարձրաձայնելու, որ այս իշխանությունները պետք է հեռանան։

ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանին Փաշինյանի մասնակցության ու վերջինիս վախերը փարատելու նպատակով ոստիկանությունը հազարավոր զորքեր, հատուկ տեխնիկա ու փշալարեր էր կուտակել ԱԺ հարող փողոցներում։ Իսկ ԱԺ բակում մարդու որդու անվտանգությունն ապահովում էին ԱԱԾ հարյուրավոր զինված հատուկջոկատայիններ։

Սակայն այս ամենը բավարար չէր, որպեսզի Փաշինյանը կարողանա հաղթահարել իր ներքին վախերը և նա, կորցնելով հոգեկան հավասարակշռությունը, վեճ ու կռիվ սադրեց ԱԺ-ում։

Նույն պահին Նիկոլի պաշտպան ոստիկանները, մահակներով, ձայնային ու բեկորային նռնակներով հարձակվեցին քաղաքացիների վրա։ Տեղի ունեցած բախումների ընթացքում մի քանի տասնյակ ցուցարարներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանցից մեկի ձեռքը դաստակի հատվածից անդամահատվել է։

Ոստիկանները թիրախավորել են նաև Սրբազան շարժման հավաքը լուսաբանող լրատվամիջոցներին, որի հետևանքով վնասվածք է ստացել մոտ 10 լրագրող, փչացվել նրանց տեխնիկան։

Տեսնելով, որ ոստիկանների սադրանքը չի վախեցրել ժողովրդին` ՔՊ պատգամավորներն արագ ավարտել են Կառավարության հարցուպատասխանը, որից հետո Փաշինյանը փախել է ԱԺ շենքից։

Մինչ այս պահը մարդու որդու գտնվելու վայրը հայտնի չէ։ Տեղեկություններ էին ստացվել, որ նա պատսպարվել է Կառավարության շենքում, սակայն այդ լուրերը չճշտվեցին։ Ավելի ուշ քաղաքացիները Փաշինյանի ավտոշարասյունը նկատել են Երևանի Լվովյան փողոցում, ինչը առիթ է տալիս ենթադրելու, որ Փաշինյանը կրկին թաքնվել է ՊՆ բունկերում։
 

--00—ՍՊ