Հայաստանը կարող է տնտեսական կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև․ Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 30, 24News

Հայաստանը կարող է տնտեսական կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև։ Այդ մասին Երևանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ փուլում է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ստորագրված համաձայնագիրը՝ հաշվի առնելով Արևմուտքի կողմից սահմանված նոր սանկցիաները, Տիգրան Սարգսյանն ասաց, որ համաձայնագիրը վավերացվել է ԵԱՏՄ անդամ գրեթե բոլոր երկրների կողմից։

«Խնդիրն այն է, որ երբ Իրանի հետ բանակցություններ էինք վարում համաձայնագրի շուրջ, դեռևս արևմտյան նոր պատժամիջոցներ սահմանված չէին։ Իսկ դրանք լրջորեն ազդում են մեր իրանցի գործընկերների առևտրային գործիքների վրա։ Բայց, միաժամանակ, դրանք հավելյալ հնարավորություն են ստեղծում, հատկապես Հայաստանի համար, որը կարող է օգտվել իր աշխարհագրական դիրքից և առաջարկել որոշակի գործիքակազմ, որոնք կարող են օժանդակել՝ ընդլայնելու ապրանանքարջանառությունը ԵԱՏՄ-ի և Իրանի միջև», - ասաց Տիգրան Սարգսյանը։