Մեր Պատարագը. Օրհնություն և արձակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

61bd003559f116be24101e8659171fcf

Սուրբ Պատարագին գոհություն և շնորհակալություն հայտնելուց հետո՝ (տես՝ «Սուրբ Պատարագ. Գոհաբանություն») պահն է՝ ժողովրդի օրհնության և արձակման: Վարագույրը բացվում է սարկավագի` «Օրհնեա՛, Տեր»-ով:

 Փակման աղոթք

Պատարագիչն ասում է Սուրբ Հովհան Ոսկեբերանի խմբագրած աղոթքներից մեկը. «Որ օրհնես զայնոսիկ, որք օրհնեն զՔեզ, Տէր…»՝ ուղղված առ Աստված: Քահանան Աստծուց խնդրում է Եկեղեցու համար պահպանություն ու օրհնություն, զորություն և խաղաղություն, դպիրները կրկներգում են՝ «Ամեն»: Աղոթքի չորրորդ տան վերջում քահանան ժողովրդին է դառնում, օրհնում խաչով կամ Ավետարանով: Արարողությանը ներկաները պետք է հիշեն իրենց քրիստոնյա եղբայրներին, երկիրը, աշխարհական իշխանություններին ու մարդկությանը: Դպիրները եզրափակում են աղոթքը երիցս երգելով․ «Եղիցի անուն Տեառն օրհնեալ, յայսմհետէ մինչեւ յաւիտեան», այսինքն՝ թող Տիրոջ անունն օրհնյալ լինի այսուհետև մինչև հավիտյան:

Քահանան, վերջացնելով աղոթքը, համբուրելով Սուրբ Սեղանը, սաղավարտը գլխին, Ավետարանը ձեռքին, սարկավագների հետ իջնում է հարավային՝ ձախ կողմով, ինչպես Աշխարհգալոցից հետո բարձրացել էր: Քահանան Քրիստոսի օրինակն է, իսկ Քրիստոսն ինչպես երկինք բարձրացավ, այդպես էլ պիտի վերադառնա:

Պատարագիչն ասում է. «Կատարումն օրինաց եւ մարգարէից, դու ես, Քրիստոս Աստուած Փրկիչ մեր, որ լցեր զամենայն Հայրակամ տնօրէնութիւնս քո. լի՛ց եւ զմեզ Հոգւովդ քով Սրբով»: Նշանակում է՝ «Մեր Փրկիչ Քրիստոս Աստվա՛ծ, Դու ես մարգարեների և օրենքների ամբողջացումը, որ լիովին կատարեցիր Քո հայրական տնօրինությունը, մե՛զ էլ լցրու Քո Սուրբ Հոգով»:

Վերջին Ավետարան

Ժողովրդին արձակելուց և վերջին օրհնությունը տալուց առաջ՝ դարձյալ Ավետարան է ընթերցվում: Ավարտին, դպիրները գոչում են. «Փա՛ռք Քեզ, Տէ՛ր Աստուած մեր», որից հետո սարկավագն անում է իր վերջին հրավերը՝ «Սուրբ խաչիւս աղաչեսցուք զՏէր, զի սովաւ փրկեսցէ զմեզ ի մեղաց եւ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան իւրոյ: Ամենակալ Տէր Աստուած մեր կեցո եւ ողորմեա»: Նշանակում է. «Այս Սուրբ խաչով աղաչենք Տիրոջը, որպեսզի սրանով փրկի մեզ մեղքերից և իր ողորմության շնորհիվ մեզ ապրեցնի: Ո՜վ ամենակալ Տեր Աստված մեր՝ ապրեցրո՛ւ և ողորմի՛ր»:

Քահանան Պահպանիչ աղոթքով օրհնում է ժողովրդին։

Արձակման օրհնություն

Դպիրներն ու ժողովուրդը վերջին օրհնությունն են ուղղում Աստծուն. «Օրհնեցից զՏէր յամենայն ժամ, յամենայն ժամ օրհնութիւն նորա ի իմ բերան իմ»: Այսինքն՝ պիտի օրհնեմ Տիրոջը ամեն ժամ, ամեն ժամ նրա օրհնությունը իմ բերանի մեջ է:

Քահանան ասում է. «Օրհնեալ եղերուք ի շնորհաց Սուրբ Հոգւոյն: Երթա՛յք ի խաղաղութիւն, եւ Տէր Յիսուս եղիցի ընդ ձեզ ընդ ամենեսեանդ: Ամէն»: Նշանակում է. «Օրհնյա՛լ եղեք Սուրբ Հոգու շնորհներով: Գնացե՛ք խաղաղությամբ, և Տերը թող բոլորիդ հետ լինի. Ամեն»: Դպիրները շարունակում են երգել սաղմոսի մյուս տները, որի ընթացքում ժողովրդին բաշխվում է մասը: Այն նրանց համար է, ովքեր չեն կարողացել ստանալ Սուրբ Հաղորդություն:

Պատարագիչը ժողովրդին արձակում է Ավետարանով՝ խաչաձև օրհնելով: Նրանք, ովքեր ցանկանում են համբուրել Ավետարանը, մոտենում են, համբուրում՝ ասելով. «Մեղայ Աստծոյ», որին պատարագիչը պատասխանում է. «Աստուած թողութիւն շնորհեսցէ»: 

Քահանայի օրհնությունից ու արձակումից հետո հավատացյալները պետք է գիտակցեն, որ իրենց հետ տանում են Տիրոջ օրհնությունն ու Սուրբ Հոգու շնորհները և ապրեն այդ գիտակցումով: 

--00—ՅՄ