Պատրաստ ենք ամրապնդել համագործակցությունը ՀՀ-ի հետ․ ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

47387_b

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային:

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումն ու բազմաոլորտ համագործակցության խորացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պարոն Վերմայի այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զորեղացմանը միտված ծրագրերի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մակարդակում հարաբերությունների ընդլայնմանը:

Ռիչարդ Վերման շեշտել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տեղական մարմինների և համայնքների միջև, ինչպես նաև տնտեսության, կրթության և այլ ոլորտներում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, վերջերս Կառավարության կողմից հաստատված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի իրականացման շուրջ: 

Վերջինիս առնչությամբ վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը:

--00—ՅՄ