Սլիմանը կժամանի Հայաստան․ առիթն Ազնավուրի 95 ամյակին նվիրված համերգն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

Ալժիրական արմատներով ֆրանսիացի երգիչ Սլիմանը կժամանի Հայաստան։ 
«Բարև, Հայաստա՛ն, ես Սլիմանն են: Հույս ունեմ, որ լավ եք: Կհանդիպենք մի բացառիկ համերգի ժամանակ՝ մայիսի 26-ին, Երևանում: Շնորհակալ եմ նախապես, որ գալու եք մեզ տեսնելու: Իսկապես, հիանալի ժամանակ ենք անցկացնելու, վստահ եմ: Փորձեմ ձեզ հայերեն ասել՝ «համբուրում եմ», կարծում եմ, որ այսպես են ասում՝ «պաչիկներ»: Դե, ջերմ համբույրներ», - հայ երկրպագուներին ուղղված ուղերձում ասում է Սլիմանը։  

2016-ին 26 տարեկանում նա դարձավ ֆրանսիական The Voice հեռուստաշոուի 5-րդ եթերաշրջանի հաղթողը։ 

Շառլ Ազնավուրի երկրպագուն մեծն շանսոնյեի երգերը կատարել է դեռ վաղ հասակից։ «Ես կարող եմ նշել նրա երգերից 10-ը կամ 15-ը, որ ես պաշտում եմ և  կուզենայի կատարել։ Կցանկանայի վերադարձնել Ազնավուրին»,- ֆրանսիական պարբերականին խոստովանել է Սլիմանը։ 

Շանսոնյեի 95-ամյակին նվիրված համերգը մայիսի 26-ին է համալիրում։ Ներկա կլինեն նաև Նիկոլյա և Քրիստինա Ազնավուրները: Նախագծի համահեղինակներ են Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնն ու «Армцентр» ընկերությունը:

Պատրիկ Ֆիորի, Սլիման, Լեա Կաստել, Քեյթ Ռայան, Րաֆֆի Արտո․ հայկական բեմում կլինեն ֆրանսիացի երգիչները։ Կնվագակցի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյան գլխավորությամբ:

Նախագծի մեկնարկը կտրվի Երևանից, ապա կշարունակվի Մոսկվայում, Փարիզում ու ԱՄՆ-ում՝ 2019 թվականը հռչալեկով մեծանուն Շանսոնիեի տարի: