Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ Լիլիթ Գալոյանը հրաժարվել է տնօրենի մրցույթին մասնակցելուց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

1

Շախմատի կանանց միջազգային գրոսմայստեր, տղամարդկանց միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը տարածած հայտարարություն է տարածել, որում ասված է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ճիշտ եմ համարում այս պահին հրաժարվել «Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցությունից:

Երևանի քաղաքապետարանը «Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար մրցույթ էր հայտարարել, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել Լիլիթ Գալոյանը:

ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված այս մրցույթը մեծ աղմուկ է բարձրացրել Հայաստանի շախմատային աշխարհի ներկայացուցիչների շրջանում: Մասնավորապես, մայիսի 4-ին մի խումբ հայ գրոսմայստերներ բաց նամակով դիմել էին վարչապետին և քաղաքապետին՝ մտահոգություն հայտնելով Ռ. Վահանյանի անվան շախմատի դպրոցի տնօրենի մրցույթի հարցով:

«Ամբողջ շախմատային ընտանիքի և նրա շուրջը կանգնած մարդկանց կարծիքով՝ նման մրցույթի անցկացումը դիտվում է շատ բացասական: Ընդհակառակը, պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ռաֆայել Վահանյանը շարունակի աշխատել և իր գիտելիքները փոխանցի ապագա սերունդներին: Մեր շախմատային ընտանիքն ուրախ է և շնորհակալ, որ Ռաֆայել Վահանյանը տնօրինում է իր անունը կրող դպրոցը»,- ասված էր գրոսմայստերների բաց նամակում:

Լիլիթ Գալոյանն, արձագանքելով բաց նամակին, նշել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը Երևան քաղաքի ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ տնօրենի պաշտոնի համար մրցույթը հայտարարել է՝ առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ ու ՀՀ օրենքներով: Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանն օրենքով սահմանված կարգով նախկինում ևս հայտարարել է մրցույթներ, սակայն այդ մրցույթները չեն կայացել, քանի որ որևէ մեկը մասնակցության հայտ չի ներկայացրել:

«Ստեղծվել է իսկապես անհարմար իրավիճակ. մի կողմից երկրի բարձրագույն ղեկավարությունը չի կարող ոտնահարել օրենքն ու չի կարող չեղյալ ճանաչել հայտարարված մրցույթը, այսինքն՝ չի կարող բավարարել բարձրացված հարցը: Մյուս կողմից, սակայն, ստեղծված իրավիճակը կարող է կրքերի անհարկի լարման, և կրկին քաղաքական շահարկումների պատճառ դառնալ: Ինքս, լինելով շախմատային աշխարհի ներկայացուցիչ, խորը հարգանք ունենալով իմ ավագ գործընկերոջ՝ Ռաֆայել Վահանյանի հանդեպ, նաև հաշվի առնելով փաստը, որ այդ մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած միակ թեկնածուն եմ, ճիշտ եմ համարում այս պահին հրաժարվել ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցությունից: Այդ պաշտոնը զբաղեցնելն ինձ համար գերնպատակ չէ»,-  ասված է Լիլիթ Գալոյանի հայտարարության մեջ: