Առուշ Առուշանյանը դատարանի որոշմամբ չի կարող պաշտոնավարել իբրև Գորիսի համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Capture

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զրկել նրան պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից հինգ տարի ժամկետով։ Ինչպես 24News-ին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Նորայր Շողիկյանը, ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունը Առուշանյանին հրավիրել է գրասենյակ, վերցրել հաշվառման, ներկայացրել դատական ակտ, ըստ որի «նա տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով, պետք է անցնի մեկ տարի և վեց ամիս փորձաշրջան, ինչպես նաև հինգ տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ»։ Այստեղից հետևում է, որ Առուշանյանն արդեն Գորիսի համայնքապետ լինել չի կարող։ 

Քրեական գործը, որի շրջանակներում մեղավոր է ճանաչվել Առուշանյանը, վերաբերվում է «պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն»։

Այս թեմայի շուրջ 24News-ը փորձեց զրուցել Առուշանյանի հետ, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Մերի Մանուկյան

--00—ՅՄ