Օպերայի թատրոնի անձնակազմը նամակով դիմել է վարչապետին՝ նոր հանդիպման խնդրանքով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

1

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վարչապետի հետ իրենց հանդիպումից անցել է մեկ ամիս, և իրենց մտահոգում է, որ մինչև հիմա որևէ պատասխան չեն ստացել։

Մայիսի 6-ին թատրոնի անձնակազմը նամակ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դարձյալ հանդիպում խնդրելով։

«Մենք կարծում ենք, որ վարչապետին սխալ են ներկայացրել իրավիճակը: Մեր նպատակն է նրան աջակցել ճշմարտությունն իմանալու հարցում: Մենք նորից դիմել ենք նրան և խնդրել դարձյալ հանդիպել»,- ասաց Ջավադյանը։

Ջավադյանը նկատեց, որ  2017 թ. Օրբելյանն ազատել էր թատրոնի որոշ աշխատակիցների, այդ թվում՝  թատրոնի այդ ժամանակվա իրավաբան Քրիստինե Նաղդալյանին, քանի որ վերջինս, ըստ իրենց ենթադրությունների, կապ է ունեցել 2014-16 թթ. թատրոնում տեղի ունեցած չարաշահումների հետ:

«Նաղդալյանի բողոքի հիման վրա կայքերից մեկը հոդված է հրապարակել իբր Թատրոնում տեղի ունեցող խնդիրների վերաբերյալ: Մշակույթի նախարարության հիմնավորումների մեջ կա հատված այդ հոդվածից: Այստեղ մենք չարաշահում ենք տեսնում, քանի որ տիկին Նաղդալյանի ամուսինն աշխատում է Մշակույթի նախարարությունում. աշխատակազմի ղեկավարն է»:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով՝ Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և թատրոնի ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից, ինչին հետևեցին անձնակազմի բողոքի ակցիաները՝ ի պաշտպանություն Օրբելյանի: Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացրած Օպերայի թատրոնի ներկայացուցիչներին վարչապետ Փաշինյանը հանդիպման ժամանակ հանձնարարել էր ներկայացնել հակափաստարկներ՝ Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հարցով մշակույթի նախարարության ներկայացրած փաստարկների վերաբերյալ:

Նաև պայմանավորվեցին, որ թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը: