ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը մի քանի առաջարկներ է ներկայացրել՝ Արցախի հարցը միշտ ակտուալ պահելու, ապագայում լուծումների հասնելու վերաբերյալ։
Արմեն Աշոտյանն առաջարկել է՝ նոր Արցախյան շարժում ձևավորել, Արցախի Հանրապետության համար մշակել և գործադրել «Պետություն՝ առանց տարածքի» հայեցակարգը։ Կրկնել է նաև Վեհափառ Հայրապետին ուղղված իր առաջարկը՝ սրբադասել Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին։
– Ծանոթացա Արցախի Անկախության օրվա առիթով Ձեր տպագիր ելույթին, որը գուցե դառն էր, բայց իմ կարծիքով՝ ազնիվ։ Իսկ ի՞նչ ավելի կոնկրետ առաջարկներ կարող եք անել Արցախի բարոյահոգեբանական հայաթափումը կանխելու համար։
Ամբողջությամբ պատրաստ եմ լծվելու թիմային աշխատանքի, որի նպատակը պետք է լինի նոր Արցախյան շարժում ձևավորելը…
Արմեն Աշոտյան.- Շնորհակալ եմ նման գնահատականի համար։ Ինքս չեմ հավակնում պատրաստի դեղատոմսեր առաջարկել այս կամ այն հարցով, սակայն ամբողջությամբ պատրաստ եմ լծվելու թիմային աշխատանքի, որի նպատակը պետք է լինի նոր Արցախյան շարժում ձևավորելը։ Ցավոք, հատվածական նախաձեռնությունները, անհատական ջանքերը, այս կամ այն առանձին իրականացվող նախագծերը, որքան էլ ստեղծվեն և առաջ մղվեն հայրենասեր և ազնիվ մարդկանց կողմից, չեն լուծելու այս իրականում համակարգային և խորը խնդիրը։
Նախկինում բարձրաձայնված իմ առաջարկություններից կարող եմ կրկին բարձրաձայնել Վեհափառ Հայրապետին ուղղված առաջարկս՝ սրբադասելու Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին (Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման օրինակով.- Ա.Ա.)։ Կարծում եմ նաև, որ դեռևս ուշ չէ Արցախի Հանրապետության համար մշակել և գործադրել «Պետություն՝ առանց տարածքի» հայեցակարգը։
--00—ՍՊ