«ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» նախագիծ առաջարկելու համար խումբ է կազմավորվում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

զե.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի հերթական նիստում բավարարել է 51 քաղաքացիների դիմումը «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ։ Նախաձեռնող խմբի լիազոր է նշանակվել Արտակ Հայկազի Զեյնալյանը։

Հարցը զեկուցող ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ նախաձեռնող խումբը ԿԸՀ է ներկայացրել «Հանրաքվեի մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Նախագիծը հանրաքվեին ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունների հավաքումն իրականացվում է ԿԸՀ-ի կողմից նախաձեռնող խմբին գրանցելուց հետո 60 օրվա ընթացքում։  Ստորագրությունների հավաքման ժամկետ է սահմանվել 2024 թվականի սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը ներառյալ։

Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը սահմանել է քաղաքացիական նախաձեռնության անդամի և քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչի վկայականների ձևը։

Նիստում քննարկվել են նաև Երևանի քաղաքապետի՝ սեպտեմբերի 10-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունները։ Երևանի ավագանու անդամ Անուշ Մարզպետունու Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են, մանդատը տրամադրվել է Երևանի ավագանու «Հանրային Ձայն» կուսակցության ընտրական ցուցակի  հաջորդ կին թեկնածու Լուսինե Գուրգենի Բուղայանին։

Երևանի ավագանու անդամ Անույշ Ռուբիկի Խուդավերդյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու հիմքով մանդատ է տրամադրվել Երևանի ավագանու «Հանրային Ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ կին թեկնածու Դիաննա Արսենի Ալեքյանին։

Երևանի ավագանու անդամ Գրիգոր Աշոտի Երիցյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու հիմքով մանդատ է տրամադրվել Երևանի ավագանու «Ազգային Առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վահագն Ալբերտի Իսոյանին»։

--00--ԼՀ