Արցախյան քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ հանդիպում են ունեցել Օկամպոյի հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ֆ

Արցախյան քաղհասարակության տասնյակ ներկայացուցիչներ սեպտեմբերի 9-ին Երևանում հանդիպում են ունեցել ՄՔԴ առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ, Արցախ Միության կազմակերպմամբ: 

 Անմիջական մթնոլորտում կայացած 3-ժամյա հանդիպմանը մտքեր են փոխանակվել թե՛ Արցախի ժողովրդի ցեղասպանության տարբեր դրվագների ու դրանց վերաբերյալ միջազգային արձագանքների, թե՛ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների ու հնարավոր անելիքների շուրջ: 

 Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Օկամպոյի ջանքերը միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով: Նա ընդգծել է համակարգված ու հետևողական ջանքերի անհրաժեշտությունը եղած մեխանիզմների ու հնարավորությունների արդյունավետ օգտագործման համար: 

 Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է միջազգային հարթակներում իրականացվող քայլերը՝ շեշտադրելով Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման և պատանդառված անձանց ազատ արձակման առաջնահերթությունները:

 Լուիս Մորենո Օկամպոն ներկայացրել է Արցախի ժողովրդի ցեղասպանության դատապարտման և իրավունքների միջազգային պաշտպանության վերաբերյալ իր մոտեցումներն ու խորհուրդները: Նա հատուկ կերպով անդրադարձել է հայ պատանդների ազատ արձակման նպատակով իր կողմից մեկնարկած արշավին՝ կարևորելով տեղեկատվական հարթակներում հանրային ակտիվ ճնշման ապահովումը, որը կարող է վերաճել միջազգային պատշաճ ուշադրության ու գործողությունների՝ COP 29 համաժողովին ընդառաջ: 

 Մտքերի փոխանակման ընթացքում հյուրը հետաքրքրվել է մի շարք հիմնարար հարցերի շուրջ արցախյան հասարակության դիրքորոշումներից՝ ընդգծելով ինքնակազմակերպման և պայքարի շարունակման անհրաժեշտությունը, որի դեպքում հնարավոր կլինի հասնել նշանակալի հաջողությունների:

--00--ԼՀ