ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Տասնմեկ հազար արցախցի հեռացել է Հայաստանից, դա ինտեգրացիայի ծրագրերի չիրականացման ամենամեծ ձախողումն է։ Հայաստանի իշխանությունը ռազմավարական մտածողություն չունի, մեծ սփյուռք ունենք, պետք է պատրաստ լինենք տասնյակ հազարավոր մարդկանց ընդունելու, կան մարդիկ, որոնք կաբինետից դուրս չեն եկել և որևէ խնդիր չեն կարող լուծել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը։
Նրա համոզմամբ, Արցախի մասին չխոսելը, մոռանալը բերելու է Հայաստանի թուլացման, նույնիսկ, եթե Արցախի մասին չխոսեն, այդ հարցը չի փակվելու, քնած հարցերը վերադառնալու հատկություն ունեն, պատմության անիվը կարող է այլ ձև պտտվել։ Անդրադառնալով Հայաստանի և Արցախի կառավարությունների կողմից հնչող փոխադարձ մեղադրանքներին, Խանումյանը նշեց․ «Հայաստանի ու Արցախի կառավարությունները քույր- եղբայր են, տարբերություն չկա նրանց մեջ, երկուսն էլ նույն սցենարով առաջ են շարժվել։ Այլ ուժ կար, որ այլ սցենար էր առաջարկում, բայց սեպտեմբերի 20-ի առավոտյան Արցախի անվտանգության խորհրդի նիստ տեղի ունեցավ, Սամվել Բաբայանին չհրավիրեցին և արեցին իրենց որոշած ձևով»։
Քննարկելով ընտրություններին մասնակցելու խոսակցությունների վերաբերյալ հարցը, Խանումյանը նշեց, որ իր համոզմամբ, նոր քաղաքական ուժեր պետք է գան, որ փոսից դուրս գանք, այն ուժերը, որոնք նստած են խորհրդարանում, թաղելու են ՀՀ-ն։ Դիտարկմանը, թե Սամվել Բաբայանը կմասնակցի՞ արդյոք ընտրություններին, Խանումյանը նկատեց, որ Սամվել Բաբայանը քաղաքական գործընթացներից դուրս չի եղել, հնարավոր է և ընտրություններին մասնակցի։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ