ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Միացյալ Նահանգների նախկին կոնգրեսական Ջեքի Սփիերը, խոսելով Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների աննախադեպ զարգացման մասին, ցանկություն է հայտնել ավելի մեծ աճ տեսնել հայ-ամերիկյան հարաբերություններում։
Ջեքի Սփիերն այս մասին նշեց «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցի ընթացքում՝ ընդգծելով, որ սփյուռքում ապրող հայերը պարտավոր են արտերկրում լինել Հայաստանի պահապան հրեշտակները։
Բնութագրելով Համաշխարհային հայկական գագաթնաժողովի անցկացումը և կարևորելով նման միջոցառումների իրականացումը հայկական սփյուռքի և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների ու կապերի տեսանկյունից՝ նախկին կոնգրեսականը նկատեց.
«Կարծում եմ՝ գագաթնաժողովը միանշանակ վճռորոշ է Հայաստանի ապագայի համար։ Նկատի ունեմ, որ սփյուռքում ավելի շատ հայ է ապրում, քան այստեղ՝ Հայաստանում: Մենք բոլորս պարտավոր ենք սփյուռքում լինել այս երկրի պահապան հրեշտակները, եթե մենք պատրաստվում ենք Հայաստանը պահել որպես անկախ, ժողովրդավարական երկիր: Իմ կարծիքով՝ նմանատիպ ծրագրերը կարևոր են, քանի որ Հայաստանն այն երկիրն է, որը ելք չունի դեպի ծով և գտնվում է ոչ հարմարավետ հարևանության մեջ: Միացյալ Նահանգների տեսանկյունից՝ ցանկանում ենք ողջունել Հայաստանի ժողովրդավարությունը, թավշյա հեղափոխությունը, ցանկանում ենք ողջունել երկրի՝ դեպի Արևմուտք, դեպի Եվրամիության հետ համագործակցություն հաստատելու ձգտումը: Ես ցանկանում եմ աճ տեսնել Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերություններում: Եվ նման իրադարձությունները մեզ օգնում են զարգացնել հարաբերություններն ու գաղափարները՝ համոզվելու համար, որ դա կարող է տեղի ունենալ»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ