Իրանը չեզոքացրել է երկիր ներթափանցել փորձող ահաբեկչական խմբին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

գ

Իրանի անվտանգության ուժերը ոչնչացրել են «Քոմալա» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան հրամանատար Ռեբվար Քարիմիանին, երբ նա մի խումբ ահաբեկիչների հետ փորձում էր ապօրինի կերպով ներթափանցել Իրան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ահաբեկիչների միջև բախումներ են տեղի ունեցել. մի շարք ահաբեկիչներ զոհվել և վիրավորվել են, նրանց մոտ առկա սարքավորումներն առգրավվել են։ 

Ահաբեկիչները փորձել են Իրան մտնել հյուսիս-արևմտյան Քուրդիստանի նահանգի կողմից, որը սահմանակցում է Իրաքին։

Իր հերթին Tasnim գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, նշում է, որ օրեր առաջ Իրաքում տեղակայված ահաբեկիչները սկսել են նահանջել Իրանի հետ սահմանամերձ շրջաններից։ Այդ գործընթացը սկսվել է իրանական կառավարության խնդրանքով, Բաղդադի կենտրոնական կառավարության, Իրանի անվտանգության և քաղաքական գերատեսչությունների հետ համագործակցությամբ։

Աղբյուրները նշել են, որ հակաիրանական քրդական խմբավորումները զինաթափվել են և սահմանին գտնվող ռազմակայաններից տարհանվել ու տեղափոխվել են դեպի Իրաքյան Քուրդիստանի խորքերը։ 

2023 թ. մարտին Իրանը և Իրաքը Բաղդադում ստորագրել են անվտանգության շուրջ համաձայնագիր, որը ենթադրում է նաև համակարգում երկու երկրների ընդհանուր սահմանը պաշտպանելու գործում։ 

--00—ԼՀ