ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիև կատարած այցի ժամանակ հաստատել է լուրերն այն մասին, որ ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի 35 միլիարդ եվրոյի փոխառություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Եվրահանձնաժողովի նախագահը Կիև է ժամանել սեպտեմբերի 20-ին։
G7-ի ղեկավարները հունիսին Իտալիայում կայացած գագաթնաժողովի ժամանակ համաձայնության էին եկել Ուկրաինային 50 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու շուրջ և այն մաս-մաս բաժանել նախագծի մասնակիցների միջև՝ իրենց տնտեսությունների ծավալներին համապատասխան: Այսպիսով, այս սխեմայով ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է վճարեին 20-ական միլիարդ դոլար, իսկ Կանադան, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան՝ գումարի մնացած մասը։ Սակայն մի շարք դժվարություններից հետո ԵՄ-ում համաձայնության են եկել 35 միլիարդ եվրոյի տրամադրման շուրջ։
ԵՄ երկրները և Եվրախորհրդարանը պետք է վարկին հավանություն տան մինչև տարեվերջ։
Սեպտեմբերի կեսերին Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ ԵՄ-ում քննարկում են Ռուսաստանի ակտիվների արգելափակման հետ կապված պատժամիջոցները 3-5 տարով երկարաձգելու առաջարկությունները՝ նպատակ ունենալով երաշխավորել դրանց հաշվին 50 միլիարդ դոլարի վարկի հատկացումն Ուկրաինային։
--00—ԼՀ