ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
2024 թվականի սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են խիստ սահմանափակ պայմաններում, բռնաճնշումների ներքո՝ կանխելով անկախ լրատվամիջոցների լուսաբանումը և քաղաքացիների ընտրությունների մոնիտորինգը։ Այս մասին նշված է Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակի (European Platform for Democratic Elections) տարածած հայտարարության մեջ։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, եվրոպական հարթակն իր տարածած հայտարարությամբ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում առկա իրավիճակի վերաբերյալ, նշել, որ ադրբեջանական իշխանությունները հարյուրավոր կեղծ միջազգային դիտորդներ գործարկելով՝ փորձել են լեգիտիմության կեղծ մթնոլորտ ստեղծել ու համատարած ընտրական մանիպուլյացիաները թաքցնել։
«Ալիևի ռեժիմի բռնաճնշումները, որոնք սաստկացան ընտրություններից առաջ, ակտիվիստների համար էապես անհնարին դարձրին ընտրությունների ազատ դիտարկումը։ Ընտրությունների վերլուծությունը հնարավոր եղավ միայն տեղեկատվական բաց աղբյուրների, թեկնածուների, սահմանափակ թվով դիտորդների և ընտրողների զեկույցների հիման վրա», -նշված է հայտարարության մեջ:
Հարթակի փոխանցմամբ, որպես «միջազգային դիտորդներ» հանդես եկող կեղծ դիտորդներն ապակողմնորոշիչ տեղեկատվություն են տրամադրում ընտրությունների անցկացման վերաբերյալ ինչպես ընտրողներին, այնպես էլ միջազգային լսարանին՝ ստեղծելով միջազգային վստահելի վերահսկողության պատրանք: Հարթակը 107 կեղծ դիտորդ է հայտնաբերել, այդ թվում 18 քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ ինչպես ԵՄ անդամ, այնպես էլ այլ ժողովրդավարական երկրներից։ «Այս մարդիկ ոչ միայն օգնում են Ադրբեջանի իշխանություններին ընտրությունները շահարկելիս, այլև խաթարում ժողովրդավարական ինստիտուտների ամբողջականությունը, որոնք նրանք ներկայացնում են», - ասված է հայտարարության մեջ։
EPDE-ն կոչ է անում Ադրբեջանի քաղաքական իշխանություններին դրսևորել քաղաքական կամք և քայլեր ձեռնարկել խոսքի և տեղեկատվության ազատությունն ապահովելու համար: Հարթակը նաև կոչ է անում անվերապահ և անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալների։
Հարթակն ադրբեջանական իշխանություններին կոչ է անում նաև քաղաքական կամք դրսևորել՝ բարելավելու ընտրական պրակտիկան՝ Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) և տեղական դիտորդական կազմակերպությունների առաջարկություններին համապատասխանեցնելու համար։ Իսկ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոչ է արվում հստակ քայլեր ձեռնարկել ապագա ընտրական գործընթացներում թափանցիկություն ապահովելու համար։
Եվրոպական հարթակը միջազգային կառույցների և Եվրոպայում ազգային ու տարածաշրջանային խորհրդարաններին կոչ է անում ընդունել այնպիսի օրենքներ և վարքագծի կանոններ, որոնք կկանխեն իրենց անդամներին մասնակցել ընտրությունների քաղաքական կողմնակալ կեղծ դիտարկմանը:
--00—ԼՀ