ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյիդ Աբբաս Արաղչիի հետ։
Ընդգծվել է տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում համագործակցության ադրբեջանա-իրանական պետական հանձնաժողովի գործունեության կարևորությունը Ադրբեջանի և Իրանի միջև տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսության, առևտրի, տրանսպորտի և հաղորդակցության ոլորտներում համագործակցության ակտիվացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի բացահայտման աշխատանքներում:
Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Բայրամովը կրկին նշել է, թե «Հայաստանը պետք է վերացնի խաղաղության համաձայնագրի կնքման ամենալուրջ խոչընդոտը»՝ կրկին հիշատակելով ՀՀ Սահմանադրությունը։
Ադրբեջանի ԱԳ նախարարը իրանական կողմին հայտարարել է, թե Հայաստանում շարունակվում են արագ տեմպերով ռազմականացվել՝ դա որակելով «ռևանշիստական միտումներ»։
«Սա վնասում է տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման մեր ջանքերին»,- ասել է Բայրամովը։
--00—ՍՊ