Մենք տեսնում ենք կողմերի աշխատելու պատրաստակամությունը․ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

1

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել 1994 թվականի մայիսի 12-ին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարի համաձայնագրի 25-ամյակի առթիվ: Հայտարարության մեջ նշված է, որ մայիսի 12-ին կնքված համաձայնագիրը հնարավորություն տվեց դադարեցնել զանգվածային արյունահեղութունը, փորձել հասնել հակամարտության կարգավորմանը բանակցային գործընթացով։ Այն մինչ օրս շարունակում է մնալ հրադադարի պահպանման հիմքը:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը բարդ է: այն վերելքներ ու անկումներ է ունենում։ Ժամանակ ու քաղաքական կամք է պետք կարգավորման առանցքային ասպեկտների շուրջ համաձայնության հասնելու համար: Մենք տեսնում ենք կողմերի աշխատելու պատրաստակամությունը, որն ուղղված է խաղաղության կայունությունը պահպանելուն: Այդ են վկայում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումը Վիեննայում և ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում», – ասված է տեքստում:

ՌԴ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել նաև աջակցելու Երևանին և Բաքվին փոխզիջման լուծումներ որոնելու գործում «Նախկինի նման մենք կշարունակենք հետևողական միջնորդական ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին»,-նշված է հայտարարության մեջ: