ՀԱՄԱՍ-ը և ՖԱԹՀ-ը չեն կարողացել համաձայնության գալ Գազայի կառավարման հարցի շուրջ. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 10, 24News

գգ.p

Պաղեստինյան երկու հիմնական խմբակցությունները՝ ՀԱՄԱՍ-ը և ՖԱԹՀ-ը, որոնք բանակցություններ են վարում Կահիրեում, չեն կարողացել համաձայնության գալ Գազայի հատվածի մարտական գործողությունների ավարտից հետո այնտեղ կառավարման հարցի շուրջ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ Կահիրեում ՀԱՄԱՍ-ի և ՖԱԹՀ-ի ներկայացուցիչների հանդիպմանը «կողմերին չի հաջողվել համաձայնության գալ պատերազմից հետո Գազայի հատվածի կառավարման շուրջ»։ 

Ինչպես նշում է Al Hadath-ը, պաղեստինյան երկու հիմնական խմբակցությունները քննարկում են «կոմիտեի մեխանիզմը, որն զբաղվելու է անցակետի վերահսկողությամբ, առողջապահության, բնակարանների, սոցիալական զարգացման և կրթության հարցերով»:

Իր հերթին Al Ekhbariya հեռուստաալիքը հաղորդել է, որ բանակցությունները կշարունակվեն հոկտեմբերի 10-ին։ Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ առաջին հանդիպման ընթացքում «քննարկումները կենտրոնացել են ընթացիկ քաղաքական իրադարձությունների և պաղեստինյան տարածաշրջաններում տիրող իրավիճակի վրա»։ Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև «պաղեստինյան շարքերի միավորման» հարցը և մի քանի համաձայնություններ՝ «կապված տարածաշրջանում ընթացիկ իրադարձությունների հետ»։

Sky News Arabia հեռուստաալիքի տվյալներով՝ ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Կահիրեում խորհրդակցությունների առաջին օրվա ընթացքում պայմանավորվել են Գազայի հատվածի կառավարման կոմիտեի ստեղծման շուրջ։ Հեռուստաալիքը հայտնել է, որ բանակցությունների երկրորդ օրը պաղեստինյան շարժումների ներկայացուցիչները կքննարկեն նոր կոմիտեի կազմավորման և աշխատանքի մանրամասները։ Նախատեսվում է նաև, որ ՀԱՄԱՍ-ի և ՖԱԹՀ-ի երկկողմ հանդիպումներից հետո տեղի կունենա «ընդլայնված հանդիպում պաղեստինյան մյուս շարժումների և խմբավորումների մասնակցությամբ»։

Հանդիպումը տեղի է ունենում եգիպտական ​​կողմի հովանավորությամբ:

--00—ԼՀ