Թուրքիան արձագանքել է ԱՄՆ-ի քննադատությանը

 

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 10, 24News

.

ԱՄՆ-ն քննադատել է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքների չեղարկումը և նոր ընտրություններ անցակցնելու որոշումը: Թուրքիան արձագանքել է ԱՄՆ-ի քննադատությանը: Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը:

ԱՄՆ-ին դատապարտող հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը: Նա ընդգծել է, որ ընտրությունների չեղարկման մասին որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ տեղի են ունեցել ընտրախախտումներ։  

«Բոլոր կողմերին կոչ ենք անում հարգանք ցուցաբերել այն որոշումների հանդեպ, որոնք ընդունվում են Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Պետք է նշել, որ ավելի վաղ կրկնակի ընտրությունների անցկացման մասին որոշումներ կայացվել են նաև ԱՄՆ-ում և այլ երկրներում: Նման խնդիրները լուծվում են ժողովրդավարական չափանիշների շրջանակներում: Բոլոր ընտրություններին մեր ժողովրդի բարձր մասնակցության ցուցանիշը վկայում է ժողովրդավարության չափանիշներին թուրք ժողովրդի հավատարմության և ընտրական համակարգին վստահելու մասին»,- ասել է Աքսոյը

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում հաղթել էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP)։ 

Ստամբուլում պարտված իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) քաղաքի տարբեր շրջանների արդյունքները բողոքարկելուց հետո ԿԸՀ էր ներկայացրել քաղաքապետի ընտրությունը չեղարկելու և նոր ընտրություն անցկացվելու պահանջով դիմումը: Դրանից օրեր անց ԿԸՀ-ը որոշում կայացրեց չեղարկել ընտրությունները՝ չեղյալ հայտարարելով 16.000 ձայնի առավելությամբ քաղաքապետ ընտրված ընդդիմադիր ԺՀԿ-ի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի մանդատը:

Թուրքիայի խոշորագույն քաղաքի քաղաքապետի նոր ընտրությունների օր է նաշանակվել հունիսի 23-ը: