ՀՀ ԳԱԱ-ի և Չինաստանի «CORE» ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

հու.

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան օրերս հյուրընկալել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության «CORE» ակադեմիայի պատվիրակությանը՝ պրոֆեսորներ Լի Լեիին, Ռեյմօնդ Ջ. Վուին, տիկին Ֆենգ Լիուին և տիկին Յան Ժենգին։ ՀՀ ԳԱԱ-ի կողմից հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը և ՀՀ ԳԱԱ նախագահի գիտության և տեխնոլոգիաների գծով տեղակալ Վարդան Սահակյանը։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԳԱԱ-ի տարածած հաղորդագրությունից, կողմերը ծանոթացել են միմյանց գիտական գործունեությանը, քննարկեցին համագործակցության ուղիները։ 

Այնուհետև, ՀՀ ԳԱԱ-ի և  «CORE» ակադեմիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ ՀՀ ԳԱԱ-ի կողմից հուշագիրը ստորագրել է ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, իսկ «CORE» ակադեմիայի կողմից՝ Ռեյմօնդ Ջ. Վուն։

Հուշագրի նպատակն է.

  • Նպաստել համատեղ նախագծերին կրթական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային ոլորտներում,
  • իրականացնել համատեղ գիտական ​​հետազոտություններ, գիտնականների փոխանակման ծրագրեր,
  • կազմակերպել համատեղ/փոխադարձ գիտատեխնիկական շրջայցեր, ինչպես նաև գիտական ​​հանդիպումներ, համատեղ լաբորատորիաներ կամ ինստիտուտներ,
  • իրականացնել գիտության հանրահռչակման գործունեություն երկու կազմակերպությունների համար և խթանել համապարփակ համագործակցությունը երկու կազմակերպությունների հաղորդակցության, հետազոտությունների և միջազգային զարգացման գործում:

«CORE» ակադեմիան ներկայացնում է «International Core Academy of Sciences and Humanities» ակադեմիան և նրա կից հաստատությունները (ներառյալ «Ke Rui» ակադեմիան, «CORE» գիտական ​​կենտրոնները և «CORE» հետազոտական ​​լաբորատորիաները)։

--00—ԼՀ