Վարդապետյանը և Նիդերլանդների դեսպանը պատրաստակամություն են հայտնել խորացնել փոխգործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

news_4656_2890850692

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին:

Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և շնորհավորել Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ:

Հանրապետության գլխավոր դատախազը բարձր է գնահատել Դեսպանության հետ փոխգործակցությունն ու այդ համատեքստում, որպես լավագույն օրինակ, ընդգծել Դեսպանության աջակցությամբ իրականացված՝ Հայաստանի բոլոր դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացի իրականացումը:

Հաշվի առնելով վերոնշյալ վերապատրաստման դրական արդյունքները՝ Աննա Վարդապետյանն ու Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերն ազդարարել են նոր դասընթացի մեկնարկի մասին, որին մասնակցելու են ՀՀ-ում գործող բոլոր դատախազները և որն ուղղված է լինելու դատական նիստերի դահլիճում հաղորդակցման և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտությունների կատարելագործմանը: Շուրջ 400 դատախազի համար նախատեսված դասընթացը կմեկնարկի 2024 թվականի նոյեմբերին և կավարտվի 2025 թվականի ապրիլին:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն ու Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը վերահաստատել են մի շարք ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամությունը: 

--00—ՅՄ