ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի և Իրանի խորհրդարանի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի միջև հանդիպում է տեղի ունեցել: Հանդիպումը տեղի է ունեցել Ժնևում՝ Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում: Ղալիբաֆը հայտարարել է, որ իրանական կողմը շահագրգռված է Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմամբ:
Նա հավելել է, որ Իրանի նորընտիր ղեկավարության քաղաքականության մեջ հարևան երկրների հետ հարաբերություններում փոփոխություններ չկան, և խորհրդարանների մակարդակով կապերի ընդլայնման վերաբերյալ դիրքորոշումը կշարունակվի:
Ադրբեջանի խորհրդարանի նախագահն էլ իր հերթին հայտարարել է, թե Ադրբեջանը «մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղությանը, անվտանգությանը և համագործակցությանը՝ վարելով խաղաղասիրական քաղաքականություն»։
Հիշեցնենք՝ Վեհաժողովի շրջանակում պետք է տեղի ունենար Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների հանդիպումը, սակայն Բաքուն վերջին պահին հրաժարվել է նախապես պայմանավորված հանդիպումից:
--00—ՍՊ