ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
Իրանը պլանավորում է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան հոկտեմբերի 26-ի գրոհի՝ օգտագործելով ավելի հզոր մարտագլխիկներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով նման ծրագրերից տեղյակ իրանցի և արաբ պաշտոնատար անձանց:
Ըստ հրապարակման՝ աղբյուրները հայտնել են, որ ցանկացած օգտագործվող հրթիռ կունենա ավելի հզոր մարտագլխիկ: Իրանը մտադիր է համալիր հարված հասցնել, որի ժամանակ կօգտագործվեն հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր` ավելի հզոր մարտական բաղադրիչներով, որոնք ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Բացի այդ, նշվում է, որ կգործարկվեն սպառազինության համակարգեր, որոնք առկա են իրանական բանակի զինանոցում:
Հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա իր վերջին հարձակման ժամանակ Իրանն, ըստ պարբերականի, հիմնականում օգտագործել է չորս տեսակի միջին հեռահարության բալիստիկ հրթիռ՝ «Էմադ», «Գադր», ինչպես նաև երկու նորագույն և առավել կատարելագործված «Խեյբար Շեքան» և «Ֆաթահ» հրթիռներ։
Նոյեմբերի 2-ին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է վճարեն Իրանի նկատմամբ իրենց քաղաքականության համար։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նոյեմբերի 3-ին նույնպես հայտարարել է, որ իր երկիրը չի կարող անպատասխան թողնել Իսրայելի հարձակումը։ Սակայն նա նշել է, որ «պատասխանի տեսակն ու ինտենսիվությունը» կարող է փոխվել, եթե Գազայում և Լիբանանում հրադադար հաստատվի։
--00—ԼՀ