«Թուրքիայում հայերի շրջանում կրոնափոխությունը տարերային բնույթ չի կրում». թուրքագետ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 13, 24News

.

Այս օրերին թուրքական մամուլը լայնորեն տարածվել է տեսանյութ, որում ցուցադրվում է, թե ինչպես է Թուրքիայում ապրող 13-ամյա Արթուր անունով հայ տղան ուղիղ եթերում իսլամ ընդունել:

Թեմայի շուրջ «Ermenihaber.am»-ը զրուցել է թուրքագետ Անահիտ Վեզիրյանի հետ:

Վերջինը նշել է, որ տվյալ հաղորդումը միտված է իսլամը քարոզելուն, և այս հաղորդման շրջանականերում իսլամ են ընդունել արդեն 21 մարդ՝ այդ թվում Արթուրը: Իսկ հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուն Թուրքիայում բավականին ճանաչված անձնավորություն է, իսլամի քարոզիչ է, և վերջերս էլ Էրդողանի կողմից նշանակվել էր Գազիանթեփի իսլամագիտության համալսարանի ռեկտոր:

«Սա առաջին դեպքը չէ, որ թուրքական հեռուստաընկերության եթերում հայը իսլամ է ընդունում: Մի քանի տարի առաջ թուրքական մամուլում տարածվեց տեսանյութ այն մասին, թե ինչպես է մի հայ կին իսլամ ընդունում: Հայ կնոջ իսլամ ընդունելու մասին մեկ այլ դեպք հայտնվել էր թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում 2015թ.:Չնայած, որ այս դեպքերը հանրային բարձր հնչեղություն են ստացել, բայց կրոնափոխությունը հայերի շրջանում տարերային բնույթ չի կրում:
 
Այս խմորումները հիմնականում ընթանում են Հայաստանից գնացած քաղաքացիների շրջանում, ինչն էլ մատնում է նրանց շրջանում առկա խնդիրները, որոնք կարող են բազմազան լինել՝ սկսած խառնամուսնություններից մինչև  Թուրքիայում, օտար միջավայրում հիմնավորվելու ձգտումը»,- նշել է թուրքագետը:

Անահիտ Վեզիրյանի կարծիքով՝ հենց այս խնդիրների համատեքստում կարելի է դիտարկել նաև այն հանգամանքը, որ իսլամ ընդունող հայերի կրոնափոխությունը հրապարակայնացվում է:  Մյուս կողմից էլ Թուրքիայում տիրող իսլամի քարոզչությունը խրախուսում է հենց այս մեթոդին դիմելը:

Ըստ Վեզիրյանի՝ տղայի խոսքերից պարզ է դառնում, որ նա տեղի ավանդական (թուրքահայ) համայքնի ներկայացուցիչ չէ: Տղայի ներկայացմամբ ՝ինքը 13 տարեկան է և Թուրքիայում է գտնվում արդեն 12 տարի:  Հաղորդման ժամանակ նշվել է, որ մայրը հայ է և քրիստոնյա: Հոր մասին որևէ տեղեկություն չի հայտնվել, նշվել է, որ խորթ հայր ունի, որի կրոնական և ազգային պատկանելիության մասին ոչինչ չի նշվել, ինչից կարելի է ենթադրել, որ խորթ հայը տեղացի քուրդ կամ թուրք կարող է լինել:

 «Հայաստանը պետք է հետևի Թուրքիայում բնակվող հայաստանցիների հիմնախնդիրներին, սակայն պետք է նշել, որ դրանց վրա ազդելու լծակներ բնականաբար չունի: Թերևս այստեղ պետք է անդրադառնալ Պոլսի հայոց պատրիարքության դերին: Ինչպես գիտենք, հայաստանցիները Թուրքիայում ապօրինի են բնակվում և անգամ երեխաները ոչ թուրքական ոչ էլ հայկական դպրոց չեն կարող հաճախել: Բացի այդ հայաստանցիները մեկուսացած են ավանդական համայնքից և անգամ օտարվում են վերջինի կողմից: Հենց այստեղ է, որ պատրիարքությունը պետք է ցույց տա իր դերը՝ հայաստանցիներին ինտեգրելով համայնքային կյանքի մեջ»,- եզրափակել է Վեզիրյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս