Հովանավորչության առաջարկը մերժած տնօրենին ծեծել են ու թալանել. ՔՈԳՎ բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

0001.thumb_

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի Աջափնյակ թաղամասում հաշվառված 40-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ նոյեմբերի 1-ին, ժամը 19-ի սահմաններում, այցելել է մայրաքաղաքի Շիրակի փողոցում գործող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տարածք և տնօրենին առաջարկել ընկերության նկատմամբ հովանավորչություն իրականացնելու դիմաց իրենց տալ ամսական վարձատրություն։

Տնօրենը հրաժարվել է, ինչից հետո 40-ամյա տղամարդն ու հետը եկած անձինք ծեծի են ենթարկել նրան, աշխատասենյակի չհրկիզվող պահարանից հափշտակել երկուսուկես միլիոն դրամ և հեռացել։ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով 40-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա` Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով ավազակության հատկանիշներով: 40-ամյա տղամարդուն առաջադրվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նա կալանավորվել է։ Պարզվել է նաև մյուս մասնակիցների ինքնությունը։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ