ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
ԱՄՆ նախագահական ընտրություններում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Չինաստանը հայտարարել է, որ կաշխատի ԱՄՆ-ի հետ՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«ԱՄՆ-ի նկատմամբ մեր քաղաքականությունը հետևողական է։ Մենք կշարունակենք դիտարկել Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները՝ համաձայն փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և երկու կողմերի համար շահավետ համագործակցության սկզբունքների», - ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչպես Վաշինգտոն-Պեկին հարաբերությունների վրա կազդի Թրամփի վերադարձը Սպիտակ տուն։
Միևնույն ժամանակ Reuters-ը նշում է, որ ըստ վերլուծաբանների՝ Թրամփի նախագահության օրոք Պեկինի նկատմամբ ավելի բուռն հռետորաբանություն և ավելի խիստ մաքսատուրքեր կարող են լինել։
Նոյեմբերի 6-ին Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։ Ձայների հաշվարկին հետևող ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները նույնպես նրան հաղթող են հայտարարել։
Ըստ Reuters-ի՝ հանրապետական Դոնալդ Թրամփն ապահովել է ընտրիչների 279 ձայն՝ անհրաժեշտ 270-ից, մինչդեռ Դեմոկրատական կուսակցությունից նրա մրցակից Քամալա Հարիսը՝ 223 ձայն։
--00—ԼՀ