Փաշինյանը մամուլ չի կարդում, աչք է փակում թիմի հասցեին արվող քննադատության վրա․ «Իրատես»

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

ՔՊ

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսը որևէ հարցում չսխալվող, ոչ մի տեղ չսայթաքող, թերություններ չունեցող իշխանության մասին էր: Կրկին մի քանի ժամ տևած ասուլիսի ժամանակ իրեն հատուկ ոճով Փաշինյանը բավական «կուլտուրական ձևով» բոլոր հարցերին ոչ կոնկրետ, ցրողական պատասխան տվեց. կարճ հարցեր, երկար պատասխաններ: 

Նրա ներկայացրած հարյուր փաստին հատ առ հատ կարելի է անդրադառնալ, լրագրողների հետ հարցուպատասխանին` նույնպես, բայց անդրադառնամ ինձ համար ամենահետաքրքիր դրվագին: Լրագրողներից մեկի հարցը վերաբերում էր քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի լատինատառ նամակներին ու փաստաթղթաշրջանառությանը: 

Մոտ երկու ամիս առաջ էի լուրը գրել, ինչից հետո այն տարածվել էր համացանցով մեկ ու մեծ արձագանք ստացել: Ռևազյանը, իհարկե, չէր անդրադարձել դրան, որովհետև հերքելու հակափաստարկ չուներ: Ի տարբերություն նրա՝ Նիկոլ Փաշինյանը, փոխանակ հարցին ըստ էության պատասխանելու, փորձեց ջրից չոր դուրս բերել Ռևազյանին. նախ վստահեցրեց, թե քաղավիացիայի պետի և իր նամակագրությունը մշտապես հայերենով է եղել, ապա նշեց՝ լատինատառը ցավալի ընդունել պետք չէ, համացանցում մեծ մասամբ այդ կերպ են հաղորդակցվում: Դա էլ բավարար չէր՝ Փաշինյանն անկեղծացավ, որ ինքը լուրից տեղյակ չէ: 

Սերժ Սարգսյանին իրավիճակին չտիրապետելու մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, նույն կարգավիճակում է հայտնվել` մամուլ չի կարդում ու աչք է փակում իր թիմի հասցեին արվող քննադատությունների վրա:

Համացանցում շատերը, ցավոք, լատինատառ են գրում, բայց դա արդարացում չէ պետական պաշտոնյայի՝ հայերենի չիմացության համար: Հատկապես այն դեպքում, երբ Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն Կոնստանտին Օրբելյանի` հայերենի ոչ բավարար իմացությունը «մաքրամաքուր» մայրենիով հաղորդակցվող նորեկները մատի փաթաթան էին սարքել»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: