23-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել մոխրացած հետքերով կաթուցիչ և թղթի մեջ փաթեթավորված զանգված

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Ապօրինի թմրաշրջանառության և թմրամոլության դեմ պայքարը մշտապես իրավապահների ուշադրության կենտրոնում է: Ամփոփ ներկայացնենք Գեղարքունիքի պարեկների վերջին օրերի բացահայտումներից։ Վարդենիս քաղաքում ծառայություն իրականացնելիս Երևանյան փողոցում պարեկները կանգնեցրել են առանց հաշվառման համարանիշի «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա։ 23-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել մոխրացած հետքերով կաթուցիչ և թղթի մեջ փաթեթավորված զանգված: Նա թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով 6 փաթեթ և կաթուցիչ։

Հաջորդ երեք դեպքերն արձանագրվել են Երևան-Սևան-Իջևան ճանապարհին:
Պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա։ Քասախ գյուղի բնակիչ 35-ամյա վարորդը ներկայացրել է թղթով փաթեթավորված դեղնականաչավուն զանգված: Նա թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով տեղափոխել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ դեղնականաչավուն զանգվածով մեկ փաթեթ ներկայացրել է գրպանից, իսկ նույն զանգվածով մեկ փաթեթ ու մոխրացած հետքերով կաթուցիչ՝մեքենայից:

Երևան-Սևան-Իջևան ճանապարհին հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու համար պարեկները կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Վանաձոր քաղաքի բնակիչ 30-ամյա ուղևորը գրպանից պարեկներին է ներկայացրել մոխրացած հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգված, իսկ մեքենայի բեռնախցիկից՝ նույն զանգվածով 4 փաթեթ: Վարորդը և ուղևորը ձերբակալվել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:Բաժնում վանաձորցի 30-ամյա երիտասարդը հայտնել է, որ ներկայացվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար: Հայտնել է նաև, որ նույն օրն օգտագործել է թմրանյութ: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին:

Նոյեմբերի 2-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա։ Վարորդը պարեկներին է ներկայացրել կիսամոխրացած դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Բաժնում Երևան քաղաքի բնակիչ 30-ամյա վարորդը ներկայացրել է դանակ, մեկնարկային ատրճանակ, 5 փամփուշտով պահեստատուփ և դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ՝ հայտնելով, որ զանգվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար:

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

--00—ՍՊ