Մայիսի 18-ին Հայաստանի և Արցախի 100-ից ավելի թանգարանների մուտքն անվճար կլինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 14, 24News

museum

ՀՀ մշակույթի նախարարությունը մայիսի 18-ին հրավիրում է բոլորին միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառմանը, որն այս տարի Հայաստանում անցկացվում է արդեն 16-րդ, իսկ Արցախում 7-րդ անգամ՝ ներգրավելով 100-ից ավելի թանգարանների: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից։

Թանգարանների միջազգային օրը հիմնադրվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից 1977 թվականին՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը և լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:

Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո, որը մատնանշում է հասարակության մեջ թանգարանների փոփոխվող նոր դերը: Շարունակելով իրենց հիմնական առաքելությունը՝ այն է հավաքչություն, պահպանություն, կրթություն, հետազոտություն, ցուցադրություն, հաղորդակցում, թանգարաններն այսօր վերափոխվում են որպես ակտիվ մշակութային հանգույցներ՝ դառնալով ավելի համայնքակենտրոն և ճկուն՝ արձագանքելով հասարակության լայն խմբերի հետաքրքրություններին, գլոբալ տնտեսաքաղաքական մարտահրավերներին և սոցիալական խնդիրներին։

Թանգարանների միջազգային օրը մեր հասարակության ամենասպասված տոներից է, որի վառ վկայությունը տարեցտարի ավելացող մասնակից թանգարանների և բազմահազար այցելուների թիվն է: Այս տարի էլ Հայաստանի և Արցախի թանգարաններն այցելուներին կներկայանան բազմաբովանդակ ծրագրերով՝ բացահայտելով նոր էջեր  հավաքածուների և պատմամշակութային հարուստ ժառանգության մասին։

Մայիսի 18-ին` ժամը 11:00-ից 24:00-ն Հայաստանի և Արցախի 100-ից ավելի թանգարանների դռներն անվճար բաց կլինեն հասարակության համար:

Մայիսի 18-ին Երևանի Մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 01:00-ն:

Բոլոր միջոցառումները, ինչպես և նախորդ տարիներին, կլուսաբանվեն ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում և ֆեյսբուքյան էջում:
Ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ: