Ծառուկյանը «կրակի տակ» է․ ո՞վ է նրա ողջ ունեցվածքի կառավարիչը․ «168 ժամ»

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

Ծառուկյան

«168 ժամ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, խոշոր սեփականատեր ու պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտնվել է տարբեր ուղղություններով «կրակի տակ»՝ է՛լ մանդատից զրկելու հարցը, է՛լ ցեմենտի խնդիրը, է՛լ գազալցակայանները, է՛լ «Առինջ մոլում» ստուգումները, է՛լ Ծաղկաձորի ճոպանուղու վերաբերյալ օֆշորային բացահայտումներն ու տարիներ շարունակ թույլ տված հարկային չարաշահումները:

Այսօր՝ մայիսի 14-ին, լրանում է տասնօրյա ժամկետը, երբ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում ուսումնասիրվում էին քրեական գործ հարուցելու հիմքերը: ՀՔԾ-ից մեզ տեղեկացրին, որ այսօր արդեն որոշում կկայացվի՝ արդյոք հարուցվո՞ւմ է քրեական գործ, թե՞՝ ոչ:

ՀՔԾ-ի այս որոշմանն են սպասում նաեւ Ազգային ժողովում: Իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ պատգամավոր Գ.Ծառուկյանի վարքը քննելու նպատակով էթիկայի հանձնաժողով ստեղծել-չստեղծելու մասին որոշում կկայացնեն իրավապահների եզրակացության հիման վրա:

Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ճակատագիրը կորոշվի, թերեւս, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքներով:

Իսկ ահա գազալցակայաններում Պետական եկամուտների կոմիտեի հայտնաբերած չարաշահումների հետ Ծառուկյանը համաձայն չէ ու «հակահարձակման» է անցել: Նրան պատկանող միանգամից 3 ընկերություններ դիմել են դատարան՝ բողոքարկելով ՊԵԿ-ի որոշումները եւ պահանջելով անվավեր ճանաչել համալիր հարկային ստուգումների արդյունքում կազմված ակտերը: Թե որքա՞ն գումարի մասին է խոսքը, կողմերը դեռեւս չեն հրապարակել: Ընդ որում՝ այդ 3 ընկերությունները՝ «Մուլտի-Լեոն» ՍՊԸ, «Մուլտի գազ» ՍՊԸ եւ «Մուլտի Սերվիս» ՍՊԸ, միաժամանակ 5 հայց են ներկայացրել: Դատական առաջինի քննությունը սկսվելու է մայիսի 23-ին:

Ուշագրավ և երկրատեւ գործընթաց է սպասվում Ծաղկաձորի ճոպանուղու հետ կապված: ՀՀ գլխավոր դատախազությունն ապրիլի վերջին հաղորդագրություն էր տարածել, որ մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դեռեւս 2004թ. պետության կողմից Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին նվիրաբերված Ճոպանուղու վճարած հարկերը 12 տարում՝ 2005-2017 թթ., կազմել են ընդհանուր շուրջ 148 մլն ՀՀ դրամ, մինչդեռ միայն 2018 թ. վճարվել է շուրջ 240 մլն դրամ հարկ, այսինքն՝ շուրջ 90 մլն դրամով ավելի:

ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հաշվարկել է, որ թաքցված հասույթը հասնում է գրեթե 2 մլրդ դրամի: Հարկերը չվճարելու արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր առնվազն 476 մլն դրամի վնաս:

Հարուցված քրեական գործն այժմ քննում է ՊԵԿ քննչական վարչությանը:

Պարզվել է նաև՝ ճոպանուղու կառավարիչները գրանցված են եղել օֆշորում, իսկ դրանց ետեւում Սեդակ Առուստամյանն է՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի ղեկավարը եւ Ծառուկյանի ողջ ունեցվածքի կառավարիչը:

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը «168 Ժամի» հետ զրույցում ճոպանուղու շուրջ կատարվողն անլուրջ որակեց: Ըստ նրա՝ չարաշահումների վերաբերյալ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությունները Ծաղկաձորի ճոպանուղին հետ վերցնելու փորձ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում