Հաագայում գինու փառատոնին մասնակցել է Հայաստանը՝ դեսպան Տիգրան Բալայանի գլխավորությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 14, 24News

Գինու փառատոն՝ Հաագայում

Հաագայի Crown Plaza Promenade հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել Dimplomat Magazine-ի կողմից կազմակերպված ամենամյա Diplomats Wine Extravaganza փառատոնը, որին առաջին անգամ ներկայացված է եղել Հայաստանը՝ ի դեմս Royal Beverages Group ընկերության կողմից ներմուծվող հայկական արտադրության գինու, կոնյակի և օղու լայն տեսականու։    

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, գինու փառատոնին մասնակցել է Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, ով շնորհակալություն է հայտնել  Royal Beverages Group-ի ղեկավարությանը՝ հայկական տաղավարը լավագույնս կահավորելու և հայկական արտադրանքի լայն տեսականին հավուր պատշաճի ներկայացնելու համար։ Դեսպան Բալայանի բնորոշմամբ Diplomats Wine Extravaganza փառատոնին առաջին անգամ Հայաստանի՝ նման ներկայանալի կերպով մասնակցությունը դեսպանության և հայ համայնքի համագործակցության օրինակելի դրսևորումներից է։

Փառատոնի այցելուները դրական են գնահատել հայկական ալկոհոլային արտադրանքը՝ ընդգծելով, որ ներկայացված երկրներից Հայաստանն առանձնանում էր իր հարուստ տեսականիով, բարձր մակարդակի պատրաստվածությամբ և յուրօրինակ դիզայնով։

Diplomats Wine Extravaganza փառատոնին մասնակցել են  ալկոհոլի ներմուծմամբ զբաղվող մի շարք ընկերություններ, սոմելիեներ, հյուրանոցային և ռեստորանային ցանցերի ներկայացուցիչներ։