Երեխաների դեմ սեռական հանցագործությունների մասին տվյալներն ամբողջական չեն․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

երեխա

Մայիսի 6-ին ոստիկանության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ տիկին Նելլի Դուրյանը, ներկայացնելով անչափահասների սեռական ազատության և սեռական անձեռնամխելության դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրությունը, հայտնել է, որ տարիների կտրվածքով անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքերը նվազել են։ Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան: Հայտարարությունում ասվում է.

«Ըստ ներկայացրած տվյալների՝ 2016 թվականին անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններով գրանցվել է 80 դեպք, 2017 թվականին՝ 71 դեպք, 2018 թվականին՝ 50, իսկ 2019 թվականի 3 ամիսների ընթացքում՝ 14:

Նշվածի կապակցությամբ անհրաժեշտ է ընդգծել, որ վերոնշյալ վիճակագրական տվյալները չեն արտացոլում Հայաստանի Հանրապետությունում անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների ամբողջական եւ իրական պատկերը։

Անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ յուրաքանչյուր տարի վիճակագրական տվյալներ է ներկայացնում ՀՀ քննչական կոմիտեն, որտեղ վիճակագրության վարումն իրականացվում է ըստ քրեական գործերի՝ ի տարբերություն ՀՀ ոստիկանության, որտեղ վիճակագրական տվյալները ներկայացնում է ըստ դեպքերի։

Ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ 2016 թվականին ՀՀ քննչական կոմիտեի քննիչները քննել են երեխայի դեմ ուղղված սեռական հանցագործություններով հարուցված 88 քրեական գործ, 2017 թվականին՝ 88 դեպք, իսկ 2018 թվականին՝ 76:

Նշվածից հետեւում է, որ ՀՀ ոստիկանության վիճակագրական տվյալներն ամբողջապես չեն արտացոլում Հանրապետությունում տեղի ունեցած հանցագործությունների իրական տվյալները։

Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ հանրությանը ներկայացվում է անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքերի նվազման միտում, մինչդեռ իրականում ՀՀ ոստիկանության վիճակագրական տվյալներով անտեսվում են անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը՝ համապատասխանաբար 2016 թվականին ներկայացնելով 8, 2017 թվականին՝ 11, իսկ 2018 թվականին 26 դեպք պակաս։

Չնայած այն հանգամանքին, որ վիճակագրությունները նշված մարմիններում վարվում են տարբեր մեթոդաբանությամբ, այնուամենայնիվ անթույլատրելի է հանրությանը ներկայացնել տեղեկատվություն, ինչն ամբողջապես չի ներկայացնում առկա իրավիճակը։

Առհասարակ Հանրապետությունում սեռական հանցագործություններից տուժողների թվում երեխաների տեսակարար կշիռը շարունակում է մնալ շատ բարձր. 2016 թվականին սեռական հանցագործություններով տուժող ճանաչված 160 անձից 115-ը երեխա են եղել, ընդ որում հանցագործության կատարման պահին տուժողներից 2–ը եղել են 5 տարեկան, 2-ը՝ 6 տարեկան, 1-ը՝ 7 տարեկան, 4-ը՝ 8 տարեկան, 3-ը՝ 9 տարեկան, 2-ը՝ 10 տարեկան, 5-ը՝ 11 տարեկան, 1-ը՝ 12 տարեկան, 7-ը՝ 13 տարեկան, 17-ը՝ 14 տարեկան, 48-ը՝ 15 տարեկան, 20-ը՝ 16 տարեկան, 3-ը՝ 17 տարեկան:

2017 թվականին սեռական հանցագործություններով տուժող ճանաչված 164 տուժողից երեխա են եղել 113-ը, ընդ որում հանցագործության կատարման պահին տուժողներից 2–ը եղել են 5 տարեկան, 1-ը՝ 6 տարեկան, 5-ը՝ 7 տարեկան, 3-ը՝ 8 տարեկան, 1-ը՝ 9 տարեկան, 3-ը՝ 10 տարեկան, 2-ը՝ 11 տարեկան, 2-ը՝ 12 տարեկան, 5-ը՝ 13 տարեկան, 15-ը՝ 14 տարեկան, 29-ը՝ 15 տարեկան, 28-ը՝ 16 տարեկան, 17-ը՝ 17 տարեկան:

Ելնելով վերոշարադրյալից՝ պետք է փաստել, որ ՀՀ ոստիկանության ներկայացված տեղեկատվությունն ամբողջական չէ. այն չի ներկայացնում անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների իրական պատկերը եւ թյուր ընկալում է առաջացնում հասարակության մեջ հարցի կարեւորության տեսանկյունից։

Հայաստանում կատարվում են երեխաների դեմ ուղղված սեռական հանցագործություններ, որոնց դեմ պետք է իրական եւ արդյունավետ պայքար մղել՝ չանտեսելով կատարված դեպքերն ու բարձրաձայնելով խնդրի կարեւորության մասին՝ այդ կերպ եւս նպաստել հասարակության իրազեկվածության բարձրացմանն ու կատարվող հանցագործությունների նկատմամբ անհանդուրժողականության ամրապնդմանը»: