ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական ոստիկանության վարչությունում և քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական ոստիկանության վարչությունում համատեղ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի Գինեվետ գյուղում կրակոց է հնչել և վիրավորը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ Գինեվետ գյուղ են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, նույն վարչության պետի տեղակալ Վահան Հակոբյանն ու բաժնի պետ Գոռ Մանուկյանը, իսկ հիվանդանոց է մեկնել քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ռուբեն Դավթյանը։
Արդեն Գինեվետ գյուղում պարզվել է, որ ստացած օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Նշված գյուղում գործող Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Վեդի ալկոյի Մանվել» մականվամբ Մանվել Ղազարյանին պատկանող «Վեդի ալկո»-ի տարածքում է հրազենային վնասված ստացել քաղաքացին։
Քրեական ոստիկանության ծառայողները պարզել են, որ «Աստղիկ» բժկական կենտրոն տեղափոխվածը Երևանի բնակիչ 49-ամյա Սերգեյ Հ․-ն է, ով հիվանդանոց է ընդունվել «ձախ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ։
Ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 8-ին, ժամը 01։40-ի սահմաններում Սերգեյ Հ․-ին ըստ նախնական տեղեկությունների հրազենային վնասվածքը պատճառել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 49-ամյա Գառնիկ Խ․-ն՝ «Վեդի ալկո» ընկերության տարածքում։
--00—ՍՊ