Փրկարարները շարունակում են ընդլայնել իրենց գիտելիքները ֆրանսիական փորձի փոխանակման միջոցով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

l-0x171wh-2048x1194z-0.3838

Ֆրանսիայի ներքին գործերի և անդրծովյան տարածքների նախարարության կողմից սույն թվականի նոյեմբերի 4-8-ը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության անձնակազմի համար կազմակերպվել և անց է կացվել «Լայնածավալ ջրհեղեղների իրավիճակում ճգնաժամի կառավարման, պլանավորման և արձագանքման հիմնախնդիրները» թեմայով հնգօրյա վերապատրաստման դասընթաց։ Դասընթացն անց է կացվել Փարիզի հրշեջ-փրկարարական դպրոցի վերապատրաստման գծով տնօրեն Քրիստոֆ Կոնստանի գլխավորությամբ, որն իր բազմամյա փորձով և հարուստ գիտելիքներով է կիսվել մասնակիցների հետ։

Վերապատրաստմանը մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման, Քաղաքացիական պաշտպանության, Փրկարարական ուժերի վարչությունների, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, ինչպես նաև Երևան քաղաքի փրկարարական վարչության փրկարարական ծառայողներ և ՆԳՆ ՃԿՊԱ դասախոսներ, ընդհանուր թվով 22 մասնակից։ Վերապատրաստման նպատակն էր ֆրանսիական լավագույն փորձի փոխանակումը և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացումը։

Դասընթացն անց է կացվել ինտերակտիվ եղանակով՝ ներառելով հարցուպատասխան, քննարկումներ և վերլուծություններ։

Քրիստոֆ Կոնստանը ներկայացրել է Ֆրանսիայում փրկարարական աշխատանքների կազմակերպման, աղետների, տարաբնույթ արտակարգ իրավիճակներում պայքարի մեթոդները, որոնողափրկարարական աշխատանքների իրականացման հիմնական փուլերը, ինչպես նաև աղետալի ջրհեղեղի դեպքում Փարիզի հրշեջ բրիգադի գործողությունները, հրամանատարական օպերատիվ շղթայի, ճգնաժամային կառավարման և համակարգման կենտրոնի աշխատանքները, բնակչության պաշտպանության կազմակերպման ու իրազեկման գործընթացները, այդ թվում նաև՝ տարբեր ծառայությունների միջև փոխհամաձայնեցված աշխատանքների կազմակերպման ուղղությունները:

Վերջինիս խոսքով՝ նմանատիպ փորձի փոխանակմանն ուղղված դասընթացների շնորհիվ մասնակից շահառուները հնարավորություն են ստանում խորացնել իրենց բազային գիտելիքները, զարգացնել հմտություններն ու կարողությունները։ Վերապատրաստման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել նաև ՀՀ տարածաշրջանին սպառնացող աղետները։

Հատուկ անդրադարձ կատարվեց 2024 թ․ մայիսին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ իրականացված գործողություններին։

Քննարկվեցին համայնքների բնակչության պաշտպանության պլանները, ինչպես նաև արձագանքման ուժեղ ու թույլ կողմերը, տարվեցին ուղիղ համեմատականներ Ֆրանսիայում տեղի ունեցած և՛ խոշոր աղետների, և՛ ջրհեղեղների հետ։

Վերապատրաստման ավարտին տեղի է ունեցել ամփոփում և հավաստագրերի հանձնման արարողություն, որի ընթացքում մասնակիցներն իրենց երախտագիտությունն են հայտնել վերապատրաստման ծրագրի ղեկավարին՝ գիտելիքների և հմտությունների բարելավմանն ուղղված միջոցառման կազմակերպման և իրականացման համար։

--00—ՅՄ