Ըստ Կալաձեի` Վրաստանում գտնվող ԵՄ անդամ երկրների խորհրդարանականները «վնասատու» են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

գգգգ.jp

Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն Վրաստանում գտնվող Եվրամիության անդամ երկրների խորհրդարանականներին «պարապ» և «վնասատու» է անվանել։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Կալաձեի խոսքով, նման մարդկանց հայտարարություններն ու գործողությունները «ծղոտի գին ունեն»։

«Սրանք պարապ մարդիկ են, որ մեկ գնում են մի երկիր, մեկ՝ մի այլ երկիր։ Մենք հիշում ենք նրանց ժամանումը, երբ ընդդիմության հանրահավաքներն ու ելույթներն էին։ Ինչպե՞ս են այս մարդիկ մնացել մեր երկրի բնակչության հիշողության մեջ` ստով: Այսօր էլ շարունակում են սուտ քարոզել։ Մենք բոլորս շատ լավ գիտենք, թե ինչ են ներկայացնում իրենցից, և ինչպես ասացի` նրանց հայտարարությունները արժեք չունեն»,- ասել է Կախա Կալաձեն։

Նրա խոսքով, պատվիրակության անդամները չեն հարգում Վրաստանի պետականությունն ու վրաց ժողովրդին։

«Եվրամիությունը հիմնված է տարբեր արժեքների վրա, որոնցից մեկը խաղաղությունն է։ Այս մարդիկ մեզ հետ խոսում են Եվրոպայի անունից, միաժամանակ ամեն ինչ անում են երկրում քաոս ու լարվածություն ստեղծելու համար։ Սովորական վնասատուներ են։ Այդ մարդիկ չեն հարգում մեր երկիրը, պետականությունը, վրաց ժողովրդին։ Նրանց հայտարարությունները, գործողությունները, ամեն ինչ ծղոտի գին ունի»,- ասել է Կալաձեն։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հրաժարվել է մասնակցել Եվրամիության ութ երկրների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների պատվիրակության հետ հանդիպմանը։


--00—ԼՀ