ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Օրերս սոցիալական կայքում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես անհայտ անձը «BMW» մակնիշի ավտոմեքենան վարում է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածով։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է հիշյալ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ով Երևան քաղաքի 19-ամյա բնակիչ է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մասնավորապես՝ պարզվել է, որ երիտասարդը, սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մղումով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իր անվամբ հաշվառված «BMW X5» մակնիշի ավտոմեքենան Հյուսիսային պողոտայից դեպի Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկն ընկած հատվածում վարել է ոչ երթևեկելի, բացառապես՝ հետիոտնի համար նախատեսված վայրերով՝ իր հակաիրավական և հակաբարոյական գործողություններով անցորդների մոտ ստեղծելով վախի և տագնապի զգացում, անհանգստություն պատճառելով վերջիններիս և խախտելով մարդկանց անդորրը:
Այնուհետև երիտասարդը, չբավարարվելով իր կողմից արդեն իսկ դրսևորած խուլիգանական վարքագծով, տեսանկարահանել է իր երթևեկի ընթացքը և, ինքնահաստատման ու հասարակության հանդեպ երևակայական գերազանցությունն արտահայտելու հանդուգն ձգտումով, իր կողմից նկարահանած տեսագրությունը հրապարակել «TikTok» սոցիալական հարթակի՝ իր անհատական էջում՝ իր խուլիգանական վարքագիծն ի ցույց դնելով հասարակությանը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ որոշում է կայացվել՝ վերոհիշյալ երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և նրան մեղադրանք է ներկայացվել:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
--00—ՅՄ