Ցոլակյանն ակնկալում է, որ ՄԱԿ-ը կօգնի տեղայնացնել աղետների էլեկտրոնային շտեմարանը ՀՀ-ում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

1

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» վեցերորդ համաժողովի շրջանակներում հանդիպել է ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորիի հետ:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում նախարար Ֆելիքս Ցոլակյանը մատնանշել է ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի նշանակալի դերը ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցում, ինչի արդյունքում՝ Հայաստանը խթանում է դիմակայունության մշակույթի ձևավորումը՝ ի կատարումն Սենդայի գործողությունների և կայուն զարգացման նպատակների։

Ֆելիքս Ցոլակյանը հաստատել է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրին, շարունակական ջանքերը ազգային և համայնքային մակարդակում Սենդայի մշտադիտարկման գործիքակազմի տեղայնացման գործընթացին։

Նախարարի խոսքով՝ ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակը կարող է աջակցել Հայաստանին այլ երկրների և դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ակտիվացման և զարգացման, աղետների էլեկտրոնային շտեմարանը Հայաստանում տեղայնացնելու հարցում:

Տիկին Միզուտորին պատրաստակամություն է հայտնել իր հնարավորության շրջանակներում աջակցություն ցուցաբերել թե՛ խորհրդատվական առումով, թե՛ միջազգային փորձի փոխանակման հարցում։

ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի հատուկ ներկայացուցիչը կիսվել է Հայաստան այցելության իր տպավորություններով և հիացմունք է հայտնել ԱՌԿ բնագավառում մեր երկրում իրականացված մեծ աշխատանքի կապակցությամբ։

Հանդիպման ավարտին երկու կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։