Ամերիկացիների մոտ հարցեր կան՝ ինչպե՞ս է Թրամփը կատարելու նախընտրական խոստումները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Capture

ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի արդեն իսկ ձեռնամուխ է եղել իր ապագա վարչակազմի ձևավորմանը, և այդ ֆոնին բազմաթիվ ամերիկացիների մոտ հարցեր են առաջանում, թե երկրի նոր ղեկավարն ինչպես է կյանքի կոչելու խոստումները, որ բաշխել էր նախընտրական փուլում, գրում է Ամերիկայի Ձայնը:

Ամերիկյան ընտրություններից հետո բոլորի ուշադրության կենտրոնում է, թե ովքեր են մաս կազմելու ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմում և, իրականում, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ԱՄՆ 47-րդ նախագահը։ Թրամփի կողմնակիցները՝ վստահ են, որ նույնիսկ այն ամերիկացիները, որոնք չեն քվեարկել նախկին նախագահի օգտին, կտեսնեն, թե ինչպես է բարելավվում իրենց կյանքը։

ԱՄՆ նախագահի հանրապետականների նախկին թեկնածու Վիվեկ Ռամասվամին, ով ընտրապայքարից դուրս գալուց հետո աջակցում էր Թրամփին, կիրակի ABC-ի եթերում հայտարարեց. «Կարծում եմ՝ երկրով մեկ բազմաթիվ մարդիկ, նույնիսկ նրանք, որոնք Դոնալդ Թրամփի մասին կեղծ պատմություններ են լսել, հաճելիորեն կզարմանան, երբ ավելի բարձր աշխատավարձ ստանան: Երկրում գներն իջնելու են։ Ապահով սահման է լինելու»։

Ինչպես ասացինք, Դոնալդ Թրամփը ձեռնամուխ է եղել իր ապագա վարչակազմի ձևավորմանը։ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն առաջարկել է Սյուզի Ուայլսին։

Այս ամենին զուգահեռ՝ հարցեր են առաջանում, թե արդյոք Թրամփն ունակ է կյանքի կոչել այն խոստումները, որ նա տվել է նախընտրական շրջանում, կամ հնարավո՞ր է որոշի վրեժ լուծել իր քաղաքական հակառակորդներից, որոնք, Թրամփի կարծիքով, կանգնած էին իր դեմ հարուցված քրեական հետապնդումների հետևում։

Այս առիթով Ռամասվամին հիշեցրել է Թրամփի խոսքերը, որ հաջողությունն է իրենց վրեժը լինելու։

Բայց Քամալա Հարիսի աջակիցների կարծիքով՝ նման միտքն առնվազն մտորումների տեղիք է տալիս:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ