Լուրջ վնասվածքի պատճառով Կամո Ունանյանը հնարավոր է ավարտի մարզական կարիերան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Capture

Հայաստանի կարատեի միության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է. «Կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր, WKN վարկածի հաղթող Կամո Ունանյանն այս օրերին պատրաստվում էր մեկնել Գերմանիա՝ մասնակցելու նոյեմբերի 16-ին կայանալիք կարատեի միջազգային մրցաշարին։ Սակայն, մրցաշարից ընդամենն օրեր առաջ մարզումների ժամանակ Կամոն ստացել է լուրջ վնասվածք և հնարավոր է ավարտի իր մարզական կարիերան։

Բժիշկների եզրակացությամբ, ամեն ինչ պարզ կլինի բուժման ընթացքից, եթե Կամոյի առողջական վիճակը գնալով բարդանա, ապա մարզիկը կենթարկվի վիրահատության։

Ի դեպ, Գերմանիայի մրցաշարից հետո՝ Կամոն պլանավորում էր հենց այնտեղ էլ ենթարկվել ողնաշարի վիրահատության։ Սակայն, այս վնասվածքի պատճառով՝ լուրջ առողջական խնդիրները վտանգել են նրա մարզական կարիերան։

«Վիրահատության կենթարկվե՞մ, թե՞ ոչ՝ կորոշեն բժիշկները»,- մեզ հետ զրույցում ասաց կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը։

Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, Կամոն պատրաստվում է նույն եռանդով շարունակել իր մարզական կարիերան. «Ինչպես նախկինում, ուշադրություն չդարձնելով իմ ստացած բոլոր վնասվածքներին, մասնակցել եմ ու գրանցել բարձր արդյունքներ, այնպես էլ հիմա, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, և բժիշկները թույլ տան, կշարունակեմ իմ կարիերան։ Հատկապես, որ 2025 թվականի հետ կապված մեծ պլաններ ունեի, հուսով եմ դեռ ունեմ՝ թե՛ MMA-ի մարտերի, և թե՛ կարատեի տարբեր վարկածներով աշխարհի և եվրոպայի առաջնություններում մասնակցելու համար»։

Մեր այն հորդորներին, թե այդպես վտանգում եք Ձեր կյանքը, արդյո՞ք չեք ցանկանում դադար վերցնել սպորտային կարիերայում՝ Կամոն տվեց հստակ պատասխան. «Եթե  ժամանակին չգրանցեի այն արդյունքները, որոնք գրանցել եմ տարիների ընթացքում, և եթե այդ հաջողությունների արդյունքում չունենայի այն վնասվածքները, որոնք այսօր ունեմ, ապա լրջորեն կմտածեի իմ սպորտային կարիերան ավարտելու մասին։ Բայց տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ թե՛ MMA-ում և թե՛ կարատեում ունեմ լավագույն արդյունքները, և ես իրավունք չունեմ չշարունակելու այդ ուղին»,- ասաց  Ունանյանը։ Նա հույս հայտնեց. «Հիմա հուսանք, որ և՛ մեջքի, և՛ այս վնասվածքի վիրահատությունները բարեհաջող կընթանան, կապաքինվեմ, կկազդուրվեմ ու կհասցնեմ լուրջ մրցումներից առաջ լինել լավ մարզավիճակում։ Իսկ հաջորդ տարի էլ կունենամ մեծ հաջողություններ իմ սպորտային կարիերայում»,-լավատեսական նոտայով եզրափակեց աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը»։

--00—ՅՄ